Բժշկի մահը «միավորեց» Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Վազգեն Մանուկյանին

0
6

Թվում է, որ այսօրվա Հայաստանի միջավայրը բնավ բարենպաստ չէ այդ ռոմանտիզմը պահպանելու համար: Բայց օրերս մի բան տեղի ունեցավ, որը
գոնե ինձ ուրախացրեց:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրառում արեց բժիշկ Բեռնար Անդրեասյանի կյանքից հեռանալու մասին, որը ի թիվս հարյուրավոր մարդկանց 1989 թվականին փրկել էր նաեւ իր կյանքը:

Տեր-Պետրոսյանի գրառումն այսպես էր սկսվում.

«Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով, ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը»։

Կասեք, որ չափազանցնում եմ՝ հատուկ կարեւորություն տալով այն փաստին, որ
Լեւոն Տեր-Պետրոսյանը մեջբերում է Վազգեն Մանուկյանի խոսքերը: Իրավունք ունեք: Ես էլ իրավունք ունեմ լավ նշան համարել այն, որ 80 տարեկանը բոլորած առաջին նախագան այդպես է վարվում՝ չնայած 30 տարի առաջ այրված կամուրջներին:

1996 թվականի նախագահական ընտրություններից հետո Երեւան էին եկել «Մոսկովսկիե նովոստի» թերթի միջազգային բաժնի խմբագիր Միխայիլ Շեւելյովը եւ «Взгляд» հաղորդման նկարահանող խումբը: Միասին հարցազրույց վերցրեցինք Վազգեն Մանուկյանից եւ առանց որեւէ հատուկ հույսի դիմեցինք նաեւ ՀՀ նախագահի խոսնակ Լեւոն Զուրաբյանին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցելու խնդրանքով: Ի զարմանս մեզ, Տեր-Պետրոսյանը, որը շատ հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, համաձայնվեց ու Վազգեն Մանուկյանին հանդիպելուց ժամեր անց Հայաստանի նախագահի նստավայրում էինք:

Ահա մի հատված Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հարցազրույցից.

– Վազգեն Մանուկյանն ինձ հավատարմության երդում չի տվել: Ես քաղաքականության մեջ դավաճանություն հասկացությունը չեմ ընդունում: Ըստ իս, Հայաստանում յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել: Բոլոր հեղափոխություններն ունեն իրենց տրամաբանությունը. սկսում են մի քանիսը, իսկ որոշ ժամանակ անց նրանցից քիչ մարդ է մնում: Նույն լեհական «Սոլիդարնոստ»-ը, նույն մերձբալթյան ազգային ճակատները՝ բոլորն անցել են դրա միջով: Կարելի է միայն զարմանալ, որ Հայաստանում դա զգալիորեն ուշ տեղի ունեցավ:

– Կարելի՞ է ասել, որ դուք ընկերներ եք եղել:

– Գործընկերներ, այո: Մենք համախմբվել էինք գաղափարի շուրջ:

– Ո՞րն է Վազգեն Մանուկյանի հետ ձեր տարաձայնությունների առարկան:

– Վազգենը որպես մարդ շատ ազնիվ է: Նա ունի ամուր բարոյական սկզբունքներ ընտանիքում, կենցաղում, ընկերների հետ հարաբերություններում: Նա շատ մաքուր մարդ է, բացարձակ անշահախնդիր: Դա կարող եմ գլխովս երաշխավորել: Իսկ որպես քաղաքական գործիչ նա շատ վտանգավոր մարդ է: Նրա գերազգայնականությունը մոտ է ֆաշիզմին: Այդ մասին ասում եմ 1991թ. նրա ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության կողմից հրապարակված փաստաթղթերի հիման վրա: Նրա գաղափարախոսությունը հիմնված է երեք չափանիշների վրա: Առաջին՝ հայ ժողովուրդն ընտրյալ ազգ է: Երկրորդ՝ հայ ժողովուրդն ունի պատմական առաքելություն: Երրորդ՝ հայ ժողովուրդը պետք է վերակազմավորվի ազգ-կազմակերպության:

Վազգեն Մանուկյանը մեր պետության երկրորդ մարդն էր, բայց չէր համակերպվում այդ դերի հետ: Եթե նա մնար մեզ հետ, այսօր ես, միգուցե, հաճույքով նրան զիջեի իմ տեղը: Փոփոխություններն անհրաժեշտ են, անպայման: Հինգ տարին նախագահի համար բավարար ժամանակահատված է: Այնպես որ, այդ դեպքում նա այսօր նախագահ դառնալու ավելի մեծ հնարավորություն կունենար:

Արա Թադևոսյանը Մեդիամաքսի տնօրենն է: