Նրա ողջ կյանքը պայքար էր միջակության ու տգիտության դեմ, պայքար հանուն իրական ազատ, արդար ու անկախ երկրի․․․

0
439

Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր։ Չեմ ճանաչում ևս մեկի, որն այդքան անկախ լիներ իր մտքով, բնավորությամբ, գաղափարներով։ Անկախ լինելու հետ մեկտեղ դիրքորոշումներում ճկուն էր, սկզբունքներում՝ անփոփոխելի։
Ծայրաստիճան արդարամիտ էր ու ազնիվ, խոսքն ասում էր ուղիղ, սուր, առանց ձևականությունների, երբեմն՝ շատերի համար ցավոտ։ Նրա ողջ կյանքը պայքար էր միջակության ու տգիտության դեմ, պայքար՝ հանուն իրական ազատ, արդար ու անկախ երկրի։ Իր դեպքում օրինաչափ էր, որ այդպես էլ չհամակերպվեց մեր իրականության կնճիռներին, չդարձավ ամբողջի մի մասնիկը, այլ մնաց միշտ ինքնուրույն, անկաշկանդ ու ինքնատիպ, երբեմն՝ մենակ։
Մեծ ափսոսանք ու ցավ եմ ապրում, որ կիսատ թողեց շատ նպատակներ ու ծրագրեր։ Իսկ նրա կորստով մեր ժամանակակից հրապարակախոսական միտքն աղքատացավ, հասարակությունը կորցրեց մի ուժեղ լար, որն այնքան կարևոր էր պատմության այս ճակատագրական փուլում մեր պետությանն ամուր խարսխվելու համար։
Ափսոս․․․
Վազգեն Մանուկյան
19․04․2022 թ․