Վազգեն Մանուկյանի կենսագրությունը

0
259

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946թ.` Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում: Հայրը` Միքայել Մանուկի Մանուկյանը, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Մայրը` Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի պետական համալսարանը: Վազգեն Մանուկյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է:1972թ.վերադառնալով Նովոսիբիրսկից,որտեղ ասպիրանտուրայում էր սովորում ,սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Դասավանդել է “Օպտիմիզացիայի մեթոդներ”,մաթ անալիզ առարկաները: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ, եւ կազմակերպիչ: 1988թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել` ՀՀՇ վարչության առաջին նախագահը: Նա 1990թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ արագորեն քանդվում էր ԽՍՀՄ-ը` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով սկսվել էր Հայաստանի շրջափակումը հյուսիսից:
Մի կողմից` անհրաժեշտ էր ջանքեր գործադրել` դանդաղեցնելու փլուզումը, մյուս կողմից` անհրաժեշտ էր արագ անցնել նոր տնտեսական համակարգի: Կառավարությունը, որի ձեռքում էր գտնվում ամբողջ գործադիր իշխանությունը (սահմանադրությամբ չկար նախագահի պաշտոն ԳԽ-ի կողմից ամբողջ գործադիր իշխանությունը տրված էր կառավարությանը), հաջողությամբ էր իրականացնում այդ բարդ ծրագիրը` քաղաքական վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենալով ինչպես խորհրդային հանրապետւոթյունների, այնպես էլ մյուս երկրների հետ:

1991թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

ԳԽ-ում Ազգային ժողովրդավարներ խմբակցության ձեւավորումից հետո Դավիթ Վարդանյանի, Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Լյուդվիգ Խաչատրյանի, Տիգրան Սարգսյանի, Սեյրան Ավագյանի եւ մյուսների հետ նախաձեռնել է շարժման ակտիվ մասնակիցներին եւ համախոհներին միավորող ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը, ռազմական գործողությունները փոխարինվեցին քաղաքական բանակցություններով:

1993թ. օգոստոսին ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից :

1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր` N20 ընտրատարածքից:

1996թ. ՀՀ նախագահական ընտրություններում դառնալով ազգային համաձայնության միասնական թեկնածու` Վազգեն Մանուկյանն արժանացավ ժողովրդի վստահության քվեին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը կեղծիքներով եւ սվիններով պահեց իշխանությունն իր ձեռքում:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության ղեկավար, ապա անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարությունե դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ:

2007-ին չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Այսօր նա ԱԺՄ նախագահն է, ղեկավարում է Ստրատեգիկան հետազոտությունների կենտրոնը:
Ամուսնացած է ունի երեք դուստր:

2009 թ-ից` 2019 դեկտեմբեր ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
2019-ին հիմնադրել է ՛՛Վերնատուն՛՛հասարակական քաղաքական ակումբը

Պարգևներ

Վազգեն Մանուկյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։