«Ապրում ենք մի երկրում, որն ավելի շատ մոտ է 37 թվին»․ Վազգեն Մանուկյան

0
45

«Չնայած հեղափոխություններին կողմ չեմ, բայց համաձայնեցի լինել ՀԽ նախագահ, որովհետև ստեղծվել էր մի իրավիճակ, որը հույս էր տալիս, որ նոր փուլ է սկսվում մեր երկրի զարգացման համար ։ Բայց ինչ-որ պահից սկսած ես սկսեցի հիասթափվել, որովհետև տեսա՝ այն, ինչ կատարվում է, մեզ չի տանելու այդ ուղղությամբ։ Ինձ համար ընդունելի չէին քննարկումները վեթթինգի մասին, անցումային արդարդատության մասին, ընդունելի չէր «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները, և ես անհանգստացած՝ հունիս ամսին որոշեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանին և իմ կասկածներն ու խորհուրդներն իրեն հաղորդել»,-այսօր ՀԽ նիստին ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանի զանգերը, սակայն, Նիկոլ Փաշինյանն անպատասխան է թողել, ինչն, ըստ նրա, աննախադեպ էր․ նման բան չէր եղել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ «Ես զգացի, որ էտ մարդը չի ուզում խոսել»։ Հուլիս ամսին Հանրային խորհուրդը որոշում է կայացրել քննարկումների շարք սկսել Հայաստանի ապագայի, երկրի տեսլականի վերաբերյալ։

«Մենք հանդիպում կազմակերպեցինք Ռուբեն Վարդանյանի հետ, քննարկեցինք նրա գիրքը, որից հետո ես վարչապետին նամակ գրեցի՝ առաջարկելով հանդիպել Հանրային խորհրդի հետ և քննարկել կառավարության տեսլականը և կառավարության ներկայացրած «100 փաստ նոր Հայաստանի մասին» գրքույկը։ Նորից ո՛չ մի արձագանք»։

Դրանից հետո Վազգեն Մանուկյանը շարունակել է իր խորհուրդները տալ վարչապետին տարբեր հոդվածների ու հարցազրույցների միջոցով։ «Սուր էին այդ ելույթները, թե ոչ, բայց իրենց մեջ պարունակում էին մասնագիտական խորհրդատվություն և՛ Սահմանադրական դատարանի մասին, և՛ Արցախի հարցի մասին, բոլո՛ր հարցերի մասին»։

Այն, ինչից անհանգստանում էր Վազգեն Մանուկյանն ամռանը, շարունակվում է նաև այսօր և այդ ամենը նրա համար ընդունելի չէ։ «Կա որոշակի վախի մթնոլորտ, պարզ չէ, թե ում կարող են ձերբակալել, ում չեն կարող։ Եթե սկզբում դրված էր կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում այդ սլաքները։ Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանությունը, և ինձ համար կարևոր չէ՝ այդպիսի՞ն են եղել նախորդները, թե ոչ, մենք կարող ենք դա քննարկել, բայց այսօր ես տեսնում եմ, որ ապրում ենք մի երկրում, որն ավելի շատ մոտ է 37 թվին, քան ազատության հռչակմանը, և այս վտանգը բոլորի շեմին է կանգնելու։ Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի և բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը։ Մենք թուլանալու ենք, հետ ենք գնալու»։