Դավութօղլուն ցանկանում էր «շոշափել հասարակական տրամադրությունները».Վազգեն Մանուկյան

0
81

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպել է որպես անհատ։

«Ազատությանը» տված հարցազրույցում Մանուկյանը փոխանցեց, որ Երևանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպմանը նա չի ներկայացրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Հանրային խորհրդի տեսակետը: Պարզապես իր անձնական մոտեցումներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, ինչը հետաքրքրել է Դավութօղլուին:

«Առավոտյան ուղղակի պատվիրակությունից մեկը զանգեց, հարցրեց՝ ես դե՞մ չեմ լինի հանդիպելու, ասացի՝ «դեմ չեմ»։ Ինչու է ինքը ուզել հանդիպել, կամ ինչու պատվիրակությունը է այդպիսի բան կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց հետը խոսելիս տպավորությունս այն էր, որ իրենք ոչ այնքան եկել էին ինչ-որ հայտարարություններ անելու, որքան շոշափելու հասարակական տրամադրություններ։ Եվ այդ տեսակետից երևի կարևորել էին [ինձ]… և Հանրային խորհուրդ, և առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարար պատերազմի ժամանակ, որովհետև հատուկ նշեց ինքը, ասաց, որ իրեն հետաքրքիր է խոսել մարդու հետ, ով էքստրեմալ ժամանակներում ղեկավար է եղել»,- ասաց Մանուկյանը։

«Ես որպես անհատ էի խոսում»,- շարունակեց Հանրային խորհրդի նախագահը.- «Եվ ես ուզեցի, որ ինքը հստակ պատկերացնի մեր վերաբերմունքը Ղարաբաղի հարցին, ցեղասպանության և մեր փոխհարաբերությունների վերականգման կամ ստեղծման հարցերին»։

Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք իր այդ հանդիպումը համաձայնեցրե՞լ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մանուկյանն ասաց, թե ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ հետո Սերժ Սարգսյանին այդ մասին տեղյակ չի պահել:

«Ես իր հետ չեմ խոսել դրա մասին, ոչ մի համաձայնության անհրաժեշտություն չկար, ինձ դիմել էին որպես անհատի, ես էլ որպես անհատ գնացել էի։ Ես չգիտեմ նույնիսկ՝ նա տեղյակ է, թե՝ ոչ մեր հանդիպման մասին»,- ասաց նա։

Չնայած այն հանգամանքին, որ ինքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, Վազգեն Մանուկյանը դրական է համարում, որ պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը չընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյանն էլ նրա հետ ժամուկես հանդիպումից հետո որևէ հայտարարություն չարեց: Պաշտոնական հայտարարության մեջ այդ հանդիպման մասին ընդամենը մեկ նախադասություն էր հիշատակված:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը` դեկտեմբերի 12-ին, Երևանում տեղի էր ունեցել ոչ պաշտոնական հանդիպում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև, որի մանրամասները Անկախ-ը ներկայացրել էր Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցում: