Հայաստանը կորցրեց նոր ժամանակների դասականին․ Վազգեն Մանուկյան

0
62

Կյանքից հեռացավ մեր ժամանակների իրական մտավորականներից մեկը՝ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։ Հայաստանը կորցրեց նոր ժամանակների դասականին։

Մեծանուն գործչի հետ մեր ճանապարհները հատվել են դեռևս 70-ականներին, երբ Հայաստանի ողջ մտավորական էլիտան համախմբվել էր ազգային խնդիրների ու երազանքների շուրջ։ Միասին անցել ենք 88-ի Շարժման և անկախության կերտման դժվարին ճանապարհը, և այդ ողջ ընթացքում Ռազմիկ Դավոյանն իրեն դրսևորել է իբրև հայրենիքի ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ, բարոյական բարձր հատկանիշներով օժտված գործիչ և քաղաքացի։

Մեծ է նրա դերը պոեզիայի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտում։ Դավոյանի ստեղծագործություններն արժանացել են բարձր գնահատականի ոչ միայն հայրենիքում, այլ մեր երկրի սահմաններից դուրս։ Նրա պոեզիան իր ուրույն տեղն է նվաճել հայ գրականության պատմության մեջ։

Ռազմիկ Դավոյանը կյանքից հեռացավ գրական հարուստ ժառանգություն և մեծ անուն վաստակած, բայց հայրենիքի ապագայի հանդեպ տագնապով ու մտահոգությամբ, ինչը հատկապես 44-օրյա պատերազմի հետո ծանր հետք թողեց նրա սրտում։

Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և նրա պոեզիայի երկրպագուներին։

Վազգեն Մանուկյան

11․01․2022 թ․