1992 թվականի սեպտեմբերի 11-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարար, 1992 թվականի հոկտեմբերին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարար[՝ միաժամանակ ղեկավարելով Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։ 1992 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղը ողբերգություն էր ապրում. մեկ ամսում ադրբեջանական զորքերը գրավեցին Շահումյանն ու Մարտակերտը, հայերի կողմից վերահսկվող տարածքների մոտ 50 տոկոսը։ Թվում էր՝ ևս մեկ ճիգ, և ղարաբաղյան հարցը կլուծվի վերջնականապես։ Հենց այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, և պատերազմի ընթացքը սկսեց աստիճանաբար փոխվել։ ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ Տեր-Գրիգորյանցի ակտիվ մասնակցությամբ կազմավորվեց փոքրաթիվ, բայց մարտունակ բանակ։ 1992 թվականի աշնանից սկսած հաջողվեց կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, իսկ 1993 թվականի գարնանը հայերը հակահարձակման անցան և արդեն օգոստոսին ջախջախեցին ադրբեջանական բանակի հիմնական հարվածային ուժերը։ 1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Արցախի բանակը։ Գրավված էր Քելբաջարը, հետ էր վերցված Մարտակերտը, ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին զորահանդեսը, որը ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։