Շատերը կարծում էին, որ ինձ կդարձնեն քավության նոխազ

0
21

1992թ. ամռանը Լեռնային Ղարաբաղը ողբերգություն էր ապրում. մեկ ամսում ադրբեջանական զորքերը գրավեցին Շահումյանն ու Մարդակերտը, հայերի կողմից վերահսկվող տարածքների մոտ 50 տոկոսը: Թվում էր՝ ևս մեկ ճիգ, և ղարաբաղյան հարցը կլուծվի վերջնականապես:

Հենց այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, և պատերազմի ընթացքը սկսեց աստիճանաբար փոխվել: ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ Տեր-Գրիգորյանցի ակտիվ մասնակցությամբ կազմավորվեց փոքրաթիվ, բայց մարտունակ բանակ: 1992թ. աշնանից սկսած հաջողվեց կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, իսկ 1993թ. գարնանը հայերը հակահարձակման անցան և արդեն օգոստոսին ջախջախեցին ադրբեջանական բանակի հիմնական հարվածային ուժերը:

Ռազմական առումով ղարաբաղյան պատերազմը հայերը շահել են: Լավագույն դեպքում տարիներ են պետք, որպեսզի Ադրբեջանը կարողանա մարտունակությամբ ինչ-որ չափով ղարաբաղյան բանակի հետ համեմատելի զորքեր ստեղծել: Այժմ հայկական ղեկավարությունը պետք է կարողանա հաղթանակի պտուղները խելամտորեն օգտագործել:

Բայց սա խնդիր է, որը հազվադեպ է հաջողվել լուծել: Սկսվել են տարաձայնություններ: ԼՂՀ պատգամավորները և ղեկավարությունը, ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, անընդունելի են համարում ԵԱՀԽ-ի պլանը, և առաջին հերթին Ադրբեջանի գրավված տարածքներից առանց նախապայմանների (առանց լուրջ փոխհատուցման) նահանջելը: Ինչպես երևում է հարցազրույցից, նույն կարծիքին է նաև Վազգեն Մանուկյանը:

-Մեզ փոխանցեցին ոչ թե երկու, այլ մեկուկես դիվիզիա: Ադրբեջանի համեմատ մենք ստացանք չնչին չափով սպառազինություն: Հայաստանում կար 500 վագոն զինամթերք, Վրաստանում` 2000-5000, Ադրբեջանում` 10 հազար վագոն: Այնպես որ ադրբեջանական 20 կրակոցին մեկով ենք պատասխանում: Բայց ոչինչ, մեր հրետանավորները լավն են:

Մենք խիստ նեղված ենք բանակը քանակական առումով մեծացնելու հարցում և ստիպված ենք լավացնել որակը: Մեր բանակի կառուցվածքը մոտավորապես կրկնում է խորհրդային բանակինը: Նախկին խորհրդային զենքն է, խորհրդային բանակի սպաները: Ես գտնում եմ, որ խորհրդային բանակը աշխարհի լավագույն, ուժեղ բանակներից մեկն էր:

Ինչպես նախկինում, հիմա էլ զորակոչվում են 18 տարեկանները, բայց ի տարբերություն Ադրբեջանի, անպատրաստ նորակոչիկներին որպես թնդանոթի միս չենք օգտագործում սահմանների վրա: Մենք այնպիսի կորուստներ չենք կրում, ինչպես Ադրբեջանը, և արդյունքում ներքին քաղաքական վիճակը մեզ մոտ շատ ավելի կայուն է:

Մարտական պատրաստության հարցում ձգտում ենք հետևել ոչ թե խորհրդային, այլ ամերիկյան մեթոդիկային: Զգալիորեն կրճատված է շարքային պատրաստությունը:

Նորակոչիկին միանգամից սովորեցնում ենք զենքի հետ վարվելուն, առանց երկար տեսությունների:

-Ինչպե՞ս եք համագործակցում Ձեր առաջին տեղակալի՝ գլխավոր շտաբի պետ գեներալ Տեր-Գրիգորյանցի հետ:

-Մեր բանակում շատ են նախկին խորհրդային բանակի զինծառայողները, բայց ռազմական շինարարության մասնագետներ շատ կան: Անցյալ տարի, երբ վիճակը երբեմն-երբեմն դառնում էր ծայրահեղ ճգնաժամային, շատերը, նույնիսկ պրոֆեսիոնալները, առաջարկում էին մարտադաշտ նետել բոլոր ուժերը: Իսկ գեներալ Տեր-Գրիգորյանցը առաջարկեց ռազմական շինարարության երկարաժամկետ ծրագիր, բանակի աստիճանական հզորացման համակարգ` անկախ տվյալ պահին մարտական գործողությունների ընթացքից:

-Հայաստանի տարածքում (Գյումրի) տեղաբաշխված է ռուսական մոտոհրաձգային դիվիզիան: Ինչպե՞ս եք համագործակցում ռուսական զորքերի հետ:

-Վերջերս հրավիրված էինք որպես դիտորդներ մասնակցելու այնտեղ անցկացվող զորախաղերին: Շատ բան ենք սովորում ռուսներից, մանավանդ Գյումրիի դիվիզիան «հին» ավանդույթներ ունեցող զորամաս է, չնայած թերի է կազմավորված:

-Ինչպե՞ս կվերաբերվեր ձեր կառավարությունը այդ և այլ ռուսական զորամասերը հայ նորակոչիկներով լրացնելու գաղափարին:

-Դա բացառված չէ: Երևանում նման առաջարկը միայն կողջունեին: Գյումրիի դիվիզիայում ներկայումս ծառայում են որոշ թվով տեղաբնակներ: Բայց մենք կարող ենք նորակոչիկներով համալրել ռուսական զորամասերը: Հարցը լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Հարկավոր է ուշադիր ուսումնասիրել Հայաստանի, Ռուսաստանի համապատասխան օրենքները և այլն:

-Կա՞ն ռուսական զորամասերում մշտական կապի հայ սպաներ, ինչպես ընդունված է դաշնակից երկրի տարածքում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի զորքերում:

-Ոչ: Նրանք մեզնից գաղտնիքներ ունեն, մենք` նրանցից: Իսկ հարաբերությունները բարեկամական են:

-Մեկ տարի առաջ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին կոլեկտիվ անվտանգության պայմանագիր: Հայաստանը նույնիսկ վավերացրեց այն: Բայց առայժմ պայմանագիրը, ինչպես ԱՊՀ շրջանակներում ընդունված այլ փաստաթղթեր, չի գործում…

-Ես գտնում եմ՝ դեռ վաղ է ԱՊՀ միացյալ զինված ուժեր ստեղծելը: Դա իմաստ կունենա, եթե ԱՊՀ բոլոր երկրները պաշտոնապես ընդհանուր թշնամի ունենան: Առայժմ երկրների մեծ մասը նույնիսկ ռազմական դոկտրինա չունի:

Իսկ պայմանագրի առկայությունը, երբ ժամանակ առ ժամանակ պաշտպանության նախարարները հավաքվում են, խնդիրներ քննարկում, փաստաթղթեր ստորագրում, խիստ կարևոր է:

-Հայաստանում շատերը կասկածանքով են վերաբերվում Թուրքիային: Դեռևս սառը պատերազմի ժամանակ Արևելյան Անատոլիան կահավորվել է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրով, իսկ թուրքական բանակը իսկապես ուժեղ է: Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրական «թուրքական սպառնալիքը»:

-Թուրքիայի հանրապետությունն այսօր տնտեսապես կողմնորոշվում է դեպի Եվրոպա: Անդրկովկասի հարցերին ռազմական միջամտությունը նրա շահերից չի բխում: Բայց Թուրքիայում կան արմատական ուժեր, որ կցանկանային փոխել երկրի պետական քաղաքականության ուղղությունը: Բացի դրանից, Թուրքիան որոշակի պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանի հանդեպ, և սկզբունքորեն դա կարող է Թուրքիային դրդել իր համար ըստ էության ոչ օգտակար քայլերի: Եթե չկա հակադրվող ուժ, միշտ կա հարցը ուժով լուծելու գայթակղություն: ԱՊՀ գոյությունը, Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորքերն անշուշտ զսպող գործոն են:

-Պատմությունը բազմաթիվ դեպքեր է հիշում, երբ երկիրն ու ժողովուրդը զինված բախման մեջ են ներքաշվում հակառակ առողջ տրամաբանության ու սեփական շահերի:

1974թ. թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս, և հակառակ համաշխարհային հասարակական կարծիքի, մինչև օրս այդ երկրի տարածքի 40 տոկոսը շարունակում են պահել: Երբ գրավվեց Քելբաջարը, թուրքական մի քանի տասնյակ տանկ դուրս բերվեցին ուղիղ նշանառության գոտի` Գյումրիի դիվիզիայի դեմ դիմաց:

Որպես պաշտպանության նախարար նախատեսու՞մ եք արևմտյան սահմաններում հնարավոր սպառնալիքի դեմ հակահարված, թե՞ ուժերի հարաբերակցությունն այնքան ակնհայտ է, որ պաշտպանության մասին մտածելն ավելորդ է, և իրական են միայն դիվանագիտական միջոցները:

-Ինչ խոսք, նախապատվությունը տրվում է դիվանագիտական միջոցներին, բայց մենք պաշտպանությունից չենք հրաժարվի, նույնիսկ եթե հակառակորդը մի քանի տասնյակ անգամ ուժեղ է: Ես գտնում եմ, որ մեր բանակը ցանկացած դեպքում պետք է պատրաստ լինի ագրեսիան հետ մղելու: Որքան ավելի մարտունակ լինեն մեր զորքերը, այնքան ուժով հարց լուծելու գայթակղությունը կփոքրանա:

-Ռուս-թուրք-ամերիկյան նախաձեռնությունը հավանության արժանացավ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի, հետո նաև Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ կառավարությունների կողմից: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

-Որպես պաշտպանության նախարար՝ ես ենթարկվում եմ Հայաստանի կառավարության որոշումներին: Բայց որպես մարդ և քաղաքական գործիչ՝ չեմ ողջունում այդ նախաձեռնությունը: Այն պրակտիկ չէ, անարդար է և շատ դժվար է կյանքի կոչել: 1988 թվականից Ղարաբաղը պայքարում է ազատության համար շատ ուժեղ հակառակորդի դեմ, և Քելբաջարը կարող է վերադարձնել, եթե հակառակ կողմը ևս զիջումներ անի, վերադարձնի Գետաշենը, Շահումյանը, որոնք հիմա պահում է:

-Հայկական բանակն ու պաշտպանության նախարարությունը զորավի՞գ են ղարաբաղյան բանակին:

-Իհարկե: Երբ չկար ոչ հայկական, ոչ ղարաբաղյան բանակ, հայաստանցի ֆիդայիները կռվում էին Ղարաբաղում: Հիմա ԼՂՀ-ն՝ որպես պետություն իր բանակով, ավելի ու ավելի է առանձնանում: Նրանք մեծ քանակով ռազմավար ունեն:

-Ղարաբաղում ունեցած Ադրբեջանի անհաջողությունները հանգեցնում են ներքին քաղաքական ճգնաժամի. բանակային 2-րդ կորպուսի հրամանատար Սուրաթ Հուսեյնովը ապստամբեց Էլչիբեյի և ԱԺՃ-ի դեմ և դարձավ վարչապետ: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվում այնպիսի ռեժիմի իշխանության գալը, որը կհրաժարվի Ղարաբաղը նվաճելու փորձերից:

-Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ադրբեջանի կառավարութունը դադարեցնի կրակն ու նստի բանակցությունների: Ի վերջո Ղարաբաղը կդառնա անկախ պետություն: Որքան շուտ Բաքվում հայտնվի կառավարություն, որը կճանաչի Ղարաբաղը, այնքան շուտ կավարտվի պատերազմը:

-Չե՞ք վախենում, որ կպարտվեք իրար սպառելու պատերազմում: Չէ՞ որ Ադրբեջանի և՛ տնտեսական հնարավորությունները, և՛ աշխարհաքաղաքական դիրքը շատ ավելի գերադասելի են:

– Բախման հենց սկզբից Ադրբեջանում հույս ունեին 1-2 տարում մեզ ծնկի բերել: Բայց մենք չենք սպառվել: Այսօր մեր բանակը բոլորովին չի զիջում ադրբեջանականին, և եթե անհրաժեշտ է, դեռ շատ կարող ենք դիմանալ:

-Ի դեպ, ինչպե՞ս է Հայաստանին հաջողվում շրջափակման պայմաններում ռազմական տեխնիկան մարտական վիճակում պահել: Շարունակու՞մ եք Ռուսաստանի հետ համագործակցել ռազմատեխնիկական բնագավառում:

-Խնդիրներ ունենք՝ կապված և՛ զինամթերքի, և՛ տեխսպասարկման հետ: Ռուսաստանը ձգտում է չեզոքություն պահպանել, ինչը դժվարացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը:

-Խորհրդային ժամանակներում Հայաստանում զգալի ռազմարդյունաբերական հզորություն կար: Ինչպե՞ս է այն օգտագործվում այժմ:

-Մենք ժառանգություն ստացանք ռազմական գործարանների հսկա քանակ, բայց դրանք տարբեր դետալներ էին արտադրում միասնական խորհրդային համալիրի համար: Դա մեր բանակին քիչ բան էր տալիս: Ներկայումս ձգտում ենք վերականգնել ընդհատված տեխնիկական կապերը: Նույնիսկ շրջափակման պայմաններում Հայաստանը չի ընդհատում Ռուսաստանին որոշ եզակի դետալների և հանգույցների առաքումը:

-Որպես պաշտպանության նախարար երբեք չե՞ք սարսափել, որ կպարտվեք այս պատերազմում:

– Այո, անցյալ ամառ, երբ ադրբեջանցիները հաջող հարձակումներ էին գործում: Այն ժամանակ ես համարվում էի Լ. Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրների կենտրոն, բայց ես այնուամենայնիվ համաձայնեցի զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը նրա կառավարությունում, որովհետև ազգի առաջ պատասխանատվություն էի զգում որպես ղարաբաղյան շարժման մասնակից: Այն ժամանակ շատերն իսկապես կարծում էին, որ պատերազմը տանուլ կտանք, և ինձ կդարձնեն քավության նոխազ:

Չեմ բացառում, որ որոշ ժամանակ հետո Ադրբեջանը նոր լայնածավալ հարձակում ձեռնարկի Ղարաբաղի վրա: Եթե դա էլ հետ մղվի, երևի ներքին քաղաքական վիճակը Բաքվում վերջնականապես կհասունանա խաղաղություն կնքելու համար:

Պավել Ֆեյգենհաուեր

«Սեգոդնյա»

Հ.Գ. – Հարցազրույցը կայացել է նախքան նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից

Վ.Մանուկյանին պաշտոնաթող անելու հրամանագրի ստորագրվելը:

«Երկիր», 1993, 27 օգոստոսի