Մեր «ԱՅՈ»-ն կհիշեն սերունդները

0
18

-Պարոն Մանուկյան, ի՞նչ է կատարվում, Ձեր կարծիքով, աշխարհի 1/6 մասը կազմող տարածքում, որի անունը դեռևս հայտնի չէ, և այդ գործընթացների հետ կապված՝ ի՞նչ է սպասում մեզ առաջիկայում:

– Այն, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, դա կատարվում է    մեր աչքի առաջ և այդ ընթացքում ծառանում են բազում խնդիրներ, որոնց լուծման նպատակով կառավարությունը կազմել ու կազմում է ծրագրեր. դրանց մասին խոսվել է, այդ ծրագրերը մնացել են ուժի մեջ: Բազմաթիվ հարցեր կան, որոնց ես այսօր չեմ անդրադառնա, կառանձնացնեմ միայն երեքը: Առաջինը անկախության հարցն է: Մենք հայտարարել էինք, որ մեր ազգային թիվ մեկ նպատակը անկախ պետականության ստեղծումն է: Մենք պետք է ձգտենք, որ մյուս պետությունները ճանաչեն մեր անկախությունը՝ գիտակցելով, որ դա կախված է այն բանից, որ Խորհրդային Միություն կենտրոն անվանումով ինստիտուտը ճանաչի մեզ: Այդ առումով մենք բավականին մոտ ենք լուծմանը: Սեպտեմբերի 21-ին   տեղի կունենա հանրաքվե, «այո» պատասխանի մասին ոչ մի կասկած չկա, որից հետո Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում կընդունի անկախության վերաբերյալ և կդիմի
Պետական խորհրդին՝ պնդումով, որ վերջինս ճանաչի մեր անկախությունը:

Եթե Պետական խորհուրդն ու հանրապետությունները ճանաչեն մեր անկախությունը, ապա կճանաչեն նաև մյուս պետությունները: Դրանից հետո մենք կձգտենք գտնել տասը հանրապետությունների հետ համագործակցելու տարբերակները: Եթե Պետական խորհուրդը չճանաչի մեր անկախությունը, այդ դեպքում այնտեղ աշխատելը նպատակահարմար չէ: Բայց անմիջապես ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, թե մեր հարաբերությունները կխզենք մյուս հանրապետությունների կամ այն մարմնի հետ, որը հիմա կենտրոն է կոչվում:

Երկրորդ խնդիրը. մենք միշտ հայտարարել ենք, թե ձգտելով քաղաքական անկախության, գիտակցում ենք, որ տնտեսական անկախություն ընդհանրապես գոյություն չունի, դա հասկանալի է: Պատկերացնենք, օրինակ, որ Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվեր կազմել մի տնտեսական ծրագիր, թե ինչպես պետք է գոյատևել եվրոպական համագործակցության բոլոր երկրների հետ կապերը խզելու դեպքում: Ֆրանսիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կպատասխաներ, որ այդպիսի տնտեսական ծրագիր կազմել հնարավոր չէ: Դա վերաբերում է բոլոր երկրներին, այնպես որ տնտեսական անկախություն գոյություն չունի, բայց մեր տնտեսական կախվածությունը միակողմանի է. և մենք, առանց մյուս հանրապետությունների հետ համագործակցելու, երկար չենք դիմանա, շատ բարդ իրավիճակ կստեղծվի: Այդպես է նաև մյուս հանրապետությունների համար: Մոսկվայում մենք միշտ հայտարարել ենք՝ ձգտելով քաղաքական անկախության՝ կողմնակից ենք, որ բոլոր 15 հանրապետություններն իրար հետ ունենան տնտեսական դաշինք և շարունակեն իրենց համագործակցությունը տնտեսական ասպարեզում: Եվ հիմա այդ հնարավորությունը ստեղծվել է:

Կան տարբեր ծրագրեր, բայց հիմնականը Շատալինի և Յավլինսկու տնտեսական ծրագրերն են: Երկու օր առաջ Պետական խորհրդի նիստ էր, որտեղ ԳԽ-ի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ մասնակցում էի նաև ես: Այնտեղ մանրամասն քննարկվեց Յավլինսկու ծրագիրը, և որոշվեց այն ընդունել որպես հիմք:
Ի՞նչ է ասում այդ ծրագիրը. 15 հանրապետությունները, անկախ իրենց կարգավիճակից, ինքնիշխան, առանձին պետություն են, թե ոչ (խոսքը, պարզ է, վերաբերում է մերձբալթյան հանրապետություններին), միասին պետք է կազմեն տնտեսական դաշինք, հինգ տարով պայմանագիր կնքեն իրար հետ և համագործակցեն տնտեսական ասպարեզում:

Այսինքն՝ Պետական խորհրդի աշխատանքներին մասնակցելուց մեր հրաժարվելը չի խանգարում մասնակցելու մեզ համար ամենակարևոր ոլորտին՝ տնտեսական համագործակցությանը. դա է մեր ձգտումը, մեր երազանքը, և դա իրականանում է: Ինչ վերաբերում է Յավլինսկու ծրագրին, ես չէի ուզենա տնտեսական նրբությունների մեջ մտնել, բայց ինձ ավելի սրտամոտ է Շատալինի ծրագիրը, որովհետև այն ավելի մեծ ինքնուրույնություն է տալիս հանրապետություններին և իրականացվում է: Ասեմ, որ Պետական խորհրդի նիստերին Ղրղզստանի պրեզիդենտն առաջարկեց Յավլինսկու ծրագրի փոխարեն Շատալինի ծրագիրն ընդունել որպես հիմք: Դա չընդունվեց մյուս հանրապետությունների կողմից: Որոշվեց  Յավլինսկու ծրագիրը վերամշակել և ստորագրել:

Մերձբալթյան հանրապետություններից Լատվիան է մասնակցել այդ պայմանագրին: Կետեր կան, որոնք գուցե բոլոր հանրապետությունները ստորագրեն, բայց հնարավոր չլինի իրականացնել, կամ խուսափեն իրականացնել: Ընդմիջումների ժամանակ, երբ խոսում էի մյուս հանրապետությունների նախարարների խորհրդի նախագահների հետ, զգացի, որ բոլորը կստորագրեն, բայց որոշ կետեր կաշխատեն չկատարել: Լավն այն է, որ հինգ տարով է, և ցանկացած պահի կարող ենք պայմանագիրը չեղյալ հայտարարել:

Երրորդ հարցը, որի մասին բազմիցս խոսվել է, և որը մեզ համար շատ կարևոր է, այն է, որ պետք է աշխատենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքել, որը երաշխավորելով մեր և Ռուսաստանի ստրատեգիական շահերը՝ չսահմանափակի մեր ազատությունը և չխանգարի հարևանների հետ մեր հարաբերություններին. դա նուրբ հարց է:

Մոսկվայում մենք որոշ զրույցներ ունեցանք, և ես հուսով եմ, որ այդպիսի դաշինք հնարավոր կլինի կնքել: Այդպիսով, մենք որոշ կետերում դառնում ենք անկախ պետություն՝ աշխատելով ճանաչվել այլ պետությունների կողմից: Տնտեսական առումով մենք դեռ ինչ-որ ժամանակ կախվածություն կուենանք Միության մյուս հանրապետություններից՝ ձգտելով կապվել նաև ուրիշ երկրների հետ, բայց այդ խնդրում բարդություններ կան, ժամանակ է պահանջվելու: Այդպես եմ ես տեսնում վիճակը և մեր անելիքները:

Բայց այսօր մի այլ հարց կա՝ ձմեռվա հարցը, որը սարսափեցնում և վախեցնում է Խորհրդային Միության բնակչությանը: Կարևորագույնը պարենն է և էներգետիկան: Վառելիքի և էներգետիկայի առումով մենք լրիվ կախման մեջ ենք գտնվում:

Ինչ վերաբերում է մթերքին, ապա ջանք չենք խնայում, որպեսզի հանրապետությունն ապահովենք պարենով: Մի քանի օր առաջ Բուշի հանձնարարությամբ Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր եկել օգնություն ցույց տալու նպատակով. ուսումնասիրում էր Խորհրդային Միության հանրապետությունների տնտեսական վիճակը:

Նրանք բավական զարմացած գնացին Հայաստանից: Մինչ այդ եղել էին յոթ հանրապետություններում և, իրենց իսկ վկայությամբ, ոչ մի տեղ այդչափ մշակված գյուղատնտեսական ծրագրեր չէին տեսել: Որոշ հանրապետություններ մինչև իսկ պահանջարկի թվերը չէին կարողացել ներկայացնել:

Մի քանի օրից կգա Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարը, և մենք կփորձենք այդ աշխատանքը հասցնել ավարտին: Բացի դրանից, հնարավոր է, որ եվրոպական համագործակցության երկրները զգալի օգնություն ցույց տան Խորհրդային Միությանը: Մենք հարց ենք դրել, որ Հայաստանին հասանելիք օգնությունը տրվի ոչ թե Խորհրդային Միության միջոցով, այլ անմիջաբար:
Էներգետիկայի հարցը, ինչպես ասացի, ավելի բարդ է. մազութի արտադրությունը Խորհրդային Միությունում մոտավորապես 30 տոկոսով նվազել է: Այն ճանապարհները, որոնցով մազութ ենք ստանում, ժամանակ առ ժամանակ փակվում են, փորձում ենք ածուխ առնել փոխանակության միջոցով:
Անցյալ տարի, երբ ձմեռր չէր սկսվել, ես պաշտոնապես հայտարարեցի, որ սով չի լինի:
Ես հիմա էլ պիտի ասեմ, որ ձմեռը բարեհաջող կանցնի: Ճիշտ է, մեծ ջանքեր ու զոհողություններ կպահանջվեն, բայց կհաղթահարենք:
Խորհրդային Միության մյուս հանրապետությունների հետ մեր տնտեսական կապերը պահելով հանդերձ՝ պետք է գիտակցենք, որ դրանք ոչ թե մեր տնտեսության զարգացմանը նպաստող կապեր են, այլ գոյատևման կապեր: Զարգացմանը նպաստող կապերը պետք է լինեն մյուս առաջադեմ երկրների հետ:

-Պարոն Մանուկյան, դուք ասացիք՝ ոչ մի երկիր, մինչև անգամ Ֆրանսիան, չի կարող կազմել անկախ տնտեսության ծրագիր, բայց, բնականաբար, ամեն մի երկիր ունի իր տնտեսական ծրագիրը: Մեզ մոտ շատ է ասվում այն մասին, որ սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կասի իր «այո»-ն, բայց մենք չունենք սեպտեմբերի 22-ի ծրագիրը:

-Նախ ասեմ, որ մենք չենք կարողանում գնահատել այն, ինչ ունենք: Սեպտեմբերի 22-ի ծրագիրը սեպտեմբերի 21-ին չպետք է պատրաստվեր: Անկախությանը պատրաստվում էինք օգոստոսից սկսած: Դա աննկատ էր անցնում մեր ժողովրդի համար, որովհետև չկար պարեն, հոսանք, ժողովուրդը իրավացիորեն դժգոհում էր: Սոցիալական լարվածություն կար, անարդարություն կար, որոշ բնագավառներում քաոսային վիճակ կար: Բնական է՝ ժողովուրդը դա է տեսնում: Բայց ուզում եմ ասել, որ միայն դա չպետք է տեսնել;

Առաջին ծրագիրը, որ ես մտածել էի իրականացնել, երբ որ ընտրվեցի վարչապետ, սեփականաշնորհումն էր, այն մեր գյուղացիներին հայրենիք էր տալիս: Ցանկացած մասնագետ կասի, որ սեփականաշնորհման  հիմքը հողի սեփականաշնորհումն է: Դա ամենածանր հարցն է: Շատ երկրներ կան, որոնք չեն կարողացել ավարտին հասցնել հողի սեփականաշնորհումը: Դա աշխարհի ամենաբարդ խնդիրներից մեկն է: Մենք առաջ քաշեցինք այդ հարցը: Կառավարությունը քննարկեց, հիմնական դրույթները որոշեց: Գերագույն խորհրդում օրենքներ ընդունվեցին, հարյուրհազարավոր մարդկանց ջանքերով դա իրականացվեց:

Եվ մենք դարձանք ԽՍՀՄ-ում միակ հանրապետությունը, որը կատարել է հողի սեփականաշնորհումը: Դա ճանապարհ է դեպի անկախություն:

Երկրորդ. երեկվանից իմ սեղանին դրված է մի նոր հեռախոս, սեպտեմբեր ամսին մենք պայմանագիր կնքեցինք ATT ամերիկյան ֆիրմայի հետ և արդեն արբանյակային կապ ունենք աշխարհի հետ: ԽՍՀՄ-ում այդպիսի կապ ոչ մի հանրապետությունում չկա: Իսկ բիզնեսի հիմքում ընկած է կապը: Միությունը 60 միջազգային ալիք ունի: Մենք՝ արդեն 180, մի քանի ամսից կունենանք 270 ալիք: Այսինքն՝ ապագայի կարևորագույն քայլերից մեկն արդեն արված է:

Երրորդ հարցը՝ մենք Երևանում գործարար մարդկանց հավաքեցինք և որոշում ընդունեցինք հայկական բանկ ստեղծելու մասին: Այսօր Եսայի Ստեփանյանը մեկնեց Փարիզ, որտեղ վերջին բանակցություններն են տեղի ունենում: Ստեղծվում է հայկական բանկ, հիմնադրամը 200 մլն դոլար է, որից 10 մլն ներդնում է  կառավարությունը:

Այդ հիմնադրամին մասնակցում են Եվրոբանկը (Աթալլիի բանկը), մի քանի եվրոպական բանկեր, սփյուռքահայեր: Այդ 200 մլն հիմնադրամով բանկը կարող է Հայաստանին 4 միլիարդ դոլարի վարկ տրամադրել (1: 20 հարաբերություն է):
Դա ԽՍՀՄ-ում աննախադեպ երևույթ է: Նշանակում է, որ դու քո սեփական բանկից 4 միլիարդ վարկ կունենաս: Դա կարևոր խնդիր է: Ես կարող եմ նշել ուրիշ խնդիրներ, որոնցով էապես տարբերվում ենք մյուս հանրապետություններից: Մենք խորհրդակցության էինք Պետական խորհրդում, որտեղ քննարկվում էին Խորհրդային Միության ԳԱ-ի կարգավիճակի և գիտության ֆինանսավորման հարցերը: Կատարյալ շփոթ ստեղծվեց և հարցը չլուծվեց:

Մինչդեռ մենք միակ հանրապետությունն ենք, որ ստեղծել ենք միջազգային ստանդարտներին համապատասխան գիտության ֆոնդ, և գիտության ֆինանսավորումը կատարվելու է այդ ֆոնդի միջոցով: Հիմա արդյունքները չնչին են և չեն երևում: Բայց դա կարևորագույն քայլ է. միջազգային կառույցներին համապատասխանող մի կառույց ունենալ, որը ֆինանսավորի գիտության զարգացումը: Ժամանակ կանցնի, և կտեսնեք, թե ինչ մեծ արդյունք կտա այդ նախաձեռնությունը:

Մի ուրիշ քայլ էլ ասեմ: Բոլոր հանրապետությունների տնտեսության՝ պետպլան կոչվող նախարարությունները, որ անվանում են էկոնոմիկայի նախարարություն, 10 օրով հավաքվել էին Բրյուսելում: Այնտեղ բանակցություններ էին վարվում եվրոպական համագործակցության երկրների հետ:

Մենք ներկայացրինք 36 ծրագիր: Ըստ որում ծրագիր պատրաստելիս մեծ ջանքեր թափեց մեր իմֆորմացիայի ինստիտուտը: Հարյուրավոր մարդիկ աշխատեցին ծրագրերի վրա: Միակ հանրապետությունը, որը համեմատելի էր մեզ հետ, Ուկրաինան էր, որը կարծեմ 15 ծրագիր էր ներկայացրել:

Հատուկ նշվեց, որ Հայաստանը առջևում է, միջազգային ստանդարտներին համապատասխանող տնտեսական ծրագիր է ներկայացրել, որը կարող է ֆինանսավորվել:
Այս տարի եվրոպական համագործակցության երկրները 450 մլն էքյու են տալու Խորհրդային Միությանը: Մեր բնակչությունն ու տնտեսությունը ստանալու էին 8-9 մլն էքյու, բայց քանի որ մյուս հանրապետությունները ծրագրեր չէին ներկայացրել, իսկ մենք ներկայացրել էինք, որոնք արդեն կարելի է ֆինանսավորել, սպասում ենք, որ մոտավորապես 30-40 մլն. էքյու կստանանք:

Դա ոչ թե վարկ է, այլ օգնություն այդ ծրագրերը իրականացնելու համար:
Այսինքն՝ այս հարցում էլ ենք մենք պատրաստ: Հիշատակածս հարցերը ցույց են տալիս, թե որքանով ենք պատրաստ նոր ստեղծվող կարգավիճակին: Մենք բազմաթիվ պայմանագրեր ունենք տարբեր երկրների ֆիրմաների հետ: Այստեղ մինչև հիմա արտասահմանյան խոշոր գործարաններ չեն բացվել, դրա համար երբեմն մեղադրում են արտաքին տնտեսական կապերի նախարարին. ադարացի չէ, որովհետև դա ամբողջ Խորհրդային Միության ցավն է, արտասահմանյան կապիտալ չէր ներմուծվում: Պատճառն ամենից առաջ այն է, որ պակասում են կառույցները, որոնք կարող են այդ կապիտալը ճիշտ օգտագործել, իսկ Հայաստանն՝ իր կառույցներով, մյուսներից առաջ է անցել:

Երրորդ՝ քաղաքական անորոշ վիճակ էր. վիճակի փոխվելու հետ մենք սկսեցինք
բանակցություններ վարել և հիմա երկու պայմանագիր ենք ստորագրելու: Ռումինիայի և Լեհաստանի կառավարություններն են դիմել մեզ, որպեսզի իրենց հետ պայմանագրեր կնքենք:

Մոտ ժամանակներս կամ նրանց վարչապետները կգան Հայաստան, կամ ես կմեկնեմ
Վարշավա, Բուխարեստ, և այդ պայմանագրերը կստորագրենք:

Հեղաշրջման տապալումից անմիջապես հետո հրավիրեցինք արտաքին հարաբերություններով զբաղվող մեր մասնագետներին՝ քննարկելու համար այն միտքը, որ կադրերի պատրաստման, վարկերի ստացման համար մեր բնական շուկան, տնտեսական հարաբերությունները պետք է Արևելքի հետ կառուցել: Մենք նամակներ ուղարկեցինք Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների վարչապետներին և մոտ ժամանակներս կսկսենք հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային փոխշահավետ համագործակցություն իրականացնելու համար:

Շարունակվում են այն աշխատանքները, որ սկսել էինք ամիսներ առաջ մեր անմիջական հարևանների՝ Իրանի և Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով: Այդ ամենը ժամանակ է պահանջում: Բայց ես լավատես եմ և կարծում եմ, որ մենք այն հանրապետություններից ենք, թերևս միակը, որն արդեն պատրաստ է անցնելու նոր կարգավիճակի:
Մեր ժողովուրդը մասնավոր սեփականության անցնելու հոգեբանական արգելքներ չունի:

Ի դեպ, սեփականաշնորհումը ընթանում է աննկատ, մինչդեռ մեկ ամսում 200 տարբեր օբյեկտներ ենք սեփականաշնորհել: Մեծ թափով կշարունակենք և մեկ տարուց հետո չենք ունենա առևտրի նախարարություն այն տեսքով, ինչ հիմա կա, օրինակ, չեն լինի պետական խանութներ, խանութներում նույն ստանդարտ ապրանքների փոխարեն կլինի բազմազանություն և այլն: Ճիշտ է, այս ընթացքում ծառանում է մի խիստ կարևոր խնդիր.սոցիալական արդարության խնդիրը:

Սա արդեն կառավարության հոգսն էլ է: Ինչ վերաբերում է ժողովրդին, նա պատրաստ է տնօրինելու իր բախտը, կառուցելու մասնավոր սեփականության վրա հիմնված հասարակարգ՝ քաջ գիտակցելով նաև անցնելիք ուղու դժվարությունները: Մենք հիմա նոր պայմաններին համապատասխանող, միջազգային կառույցները լավ պատկերացնող,արտասահմանյան ֆիրմաների, նախարարների հետ լուրջ և նուրբ բանակցություններ վարելու կարողություն ունեցող մասնագետների կարիք ունենք:
Մեզանում այդպիսիները քիչ են, այդ պատճառով երևի շարունակենք ներգրավել
սփյուռքահայ մասնագետներին:

Ներկայումս, ճիշտ է, ժամանակավոր, Հայաստանում է Վահրամ Ներսիսյանը, որը միջազգային բանկի լատինամերիկյան բաժնի վարիչն է և արդեն երրորդ անգամ է, որ արձակուրդ է վերցնում ու գալիս Հայաստան: Աշխատում է օրուգիշեր, օգնում և՛ բանակցություններ վարելիս, և՛ ծրագրեր կազմելիս: Հավանաբար ինչ-որ ժամանակից հետո նա մշտական բնակություն հաստատի այստեղ: Նման հայեր շատ կան, որոնք կգան, կօգնեն մեզ: Մասնագետների հարցը ամենակարևորն է: Ցանկացած երկիր, եթե ուզում է զարգանալ, առաջին հերթին պետք է պատրաստի մասնագետներ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում անկախ ժողովրդավարական Հայաստանի ապագան, մեր ժողովրդի ապագան: Ի՞նչ հեռանկարներ կան:

-Ես մի անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ եթե մարդ չզգա, որ աշխարհ է եկել օգտակար մի գործով հետք թողնելու, ոչ թե միայն ուտել-խմելու համար, ապա նա ներքին ուժ չի ունենա և ոչինչ չի ստեղծի: Նույնը ազգերի դեպքում է: Մեր ազգն անցել է հազարամյակների ճանապարհ և ծառայություններ է մատուցել ժամանակակից քաղաքակրթություններին: Քաղաքակրթությունները փոխվում են. կար Հունաստանի քաղաքակրթությունը, Չինաստանի քաղաքակրթությունը, կա եվրոպական քաղաքակրթություն, գուցե 2000 թվին ինչ-որ ուրիշ, նոր քաղաքակրթություն առաջանա նոր ձևերի, նոր սկզբունքների հիման վրա: Եվրոպական քաղաքակրթության ստեղծման մեջ մեծ դեր են խաղացել նաև հայերը:

Այդ դերի մասին մենք քիչ ենք խոսում: Բայց ժամանակակից Եվրոպան փոքր-ինչ այլ կլիներ, եթե հայերը չմասնակցեին Եվրոպայի քաղաքակրթության ստեղծմանը:

Այն նոր քաղաքակրթության մեջ, որը պետք է ստեղծվի, ես կարծում եմ, հայերը հսկայական ավանդ են ունենալու: Եվ ես դա համարում եմ առաքելություն: Առաքելությունը թշնամությունը չէ ուրիշ ազգերի նկատմամբ, ոչ ժողովրդավարական համակարգը չէ: Առաքելություն նշանակում է, որ Աստված քեզ պատահական չի ստեղծել, քո առջև խնդիրներ է դրել, և դու պարտավոր ես դրանք իրականացնել:

Ես գտնում եմ, որ հայերը բացառիկ ազգերից մեկն են (բացառիկ ասելով ես չեմ ուզում նսեմացնել մյուս ազգերին, դա չի նշանակում թշնամություն մյուսների նկատմամբ), բացառիկ՝ Արևմուտքի և Արևելքի միջև կապի առումով. շատ կարևոր օղակ է հարավի և հյուսիսի, անցյալի և ապագայի միջև: Մենք հին ժողովուրդ ենք, պարտավորություններ ունենք  մյուս ժողովուրդների հանդեպ, և որպեսզի դրանք կարողանանք կատարել, պետք է հզոր լինենք: Թույլ մարդու մինչև իսկ ամենախելոք խոսքը տեղ չի հասնում, մինչդեռ ուժեղի կիսախելոք խոսքն անգամ անցնում է: Մենք պետք է կարողանանք մեր դերը կատարել: Դրա համար պետք է հզոր լինենք: Մենք պետք է ունենանք պետություն: Դա առաջին քայլն է, բայց հարկ է հիշել, որ հայերի մի մասը Հայաստանից դուրս է ապրում, և եթե ուրիշ ազգերի համար ինքնակազմավորում նշանակում է պետություն ստեղծել, ապա մեզ համար պետությունը կորիզն է, մինչդեռ մենք պետք է կարողանանք կազմակերպել ողջ ազգը:

Դա է ազգկազմակերպությունը: Դա չի նշանակում զինվորական կարգապահություն. դա նշանակում է արդի աշխարհին համապատասխանող միջազգային և պետական ու ոչ պետական կառույցներ, որոնք հնարավորություն տան մեր ազգին խնդիրները լուծելիս հենվել ոչ միայն մեր պետության հզորության, այլ նաև համայն հայության վրա:

Ես ուզում եմ օրինակ բերել. եթե եվրոպական համագործակցության երկրների խորհրդակցությունում Մերձբալթյան երկրները դիտվում են որպես եվրոպական երկրներ,որոնց օգնություն ցույց տալը բնական է համարվում, իսկ Անդրկովկասը, փաստորեն, Ասիա է և եվրոպական համագործակցության հետ կապ չունի, ապա Հայաստանի հարցը այլ է, որովհետև Եվրոպայում շատ հայեր կան, որոնք կստիպեն, որ հայերին ճանաչեն աշխարհում, այսինքն՝ դրսի հայությունը լոբբիի այդ դերը կատարում է: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է ձգտենք համախմբել այդ ազգ-կազմակերպությունը: Այստեղ բնական է, որ մենք հետևենք
հրեաներին և ուրիշներին՝ իրենց համապատասխան կառույցների օրինակով մերը ստեղծելուհամար:

Նրանց գործարար մարդկանց առաջին քայլն այդ կառույցների ստեղծում էր: Դրան պետք է նպաստեն նաև իշխանությունները, քաղաքական կուսակցությունները՝ աշխատելով համագործակցված: Ես այսպես եմ տեսնում մեր ազգի ապագան:
Գիտակցում եմ, որ մենք ունենք առաքելություն: Իսկ այդ առաքելությունը կատարելու համար պետք է լինենք հզոր, հզորանալու համար պետք է կարողանանք կազմավորվել որպես համաշխարհային ազգ, որն իր հերթին պահանջում է ունենալ անկախ պետականություն: Դա է մեր ճանապարհը: Ճանապարհ, որը կբերի մեզ հզորության, մեր ժողովրդի բարգավաճմանը:
Եվ ես շատ պայծառ եմ տեսնում մեր ապագան: Ճիշտ է, մեր ժողովուրդը, մեր մտավորականությունը, բոլորս այսօր տնտեսական ծանր վիճակում ենք, բայց պետք է առաջ նայենք ու տեսնենք վաղվա օրը:

Եվ ահա աննկատ մոտեցանք մի շեմի՝ սեպտեմբերի 21-ին: Այդ օրը Հայաստանն ինչ-որ սիմվոլիկ ձևով դառնալու է անկախ:

Մենք կարևոր շեմ ենք անցնում և պետք է գիտակցենք այդ բանը:
Ու եթե վաղը թոռներս ինձ հարցնեն. «Պապիկ ջան, այդ շեմը անցնելիս դու քայլ արե՞լ ես, մեր տոհմը մասնակցե՞լ է», ես հպարտությամբ կասեմ՝ այո, մասնակցել եմ: Ես գիտեմ, որ պատասխանը «այո» է լինելու, և մեր «այո»-ն հիշելու են սերունդները:

Վարչապետ Վ. Մանուկյանի հեռուստազրույցը
1991թ. սեպտեմբերի 19-ին
Հարցազրույցը վարեց Տիգրան Պասկևիչյանը
«Հայաստանի Հանրապետություն», 1991, 20 սեպտեմբերի