Հակառուսական քարոզչության ամենազարմանալի բանը հետեւյալն է. իրենք ասում են, որ ՌԴ-ն մեզ համար վստահելի չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Եթե դու այդպիսի նախադասություն ես ասում, ուրեմն դու Ադրբեջանին եւ Թուրքիային թշնամի ես համարում: Ռուսաստանին մեղադրում ես, որ քո թշնամիների հետ լեզու է գտել, ուրեմն վտանգավոր է: Եվ դրանից հետո անտրամաբանական հետեւություն ես անում, որ Ռուսաստանին պետք է այստեղից քշել դուրս: Այդ դեպքում մնում ես այդ թշնամիների դեմ: Իրենք ասում են՝ չէ, այդ դեպքում Արեւմուտքը կգա, այդտեղը կզբաղեցնի: Այո, Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, բայց նույն ձեւի ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են Թուրքիային պոկել Ռուսաստանից: Այսինքն նրանք էլ շահագրգռված են թուրքական շահեր առաջ տանելու մեջ»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանի խոսքով, Թուրքիան շատ վարպետորեն խաղում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի արանքում. «Բայց վերջիվերջո, իր հակասություններն ո՞ւմ հետ են լինելու՝ Ռուսաստաի՞, թե՞ Արեւմուտի հետ: Ռուսաստանի հետ, որովհետեւ այն ծրագրերը, որ ունի Թուրքիան, կապված են այս տարածքի հետ: Նա ուզում է Թուրանական մեծ պետություն կառուցել եւ իր թշնամին այդտեղ դառնալու է Ռուսաստանը, ուշ, թե շուտ, բախում է լինելու Ռուսաստանի հետ: Այդ դեպքում Թուրքիան դառնում է Արեւմտյան: Իսկ Արեւմուտքին այս տարծաշրջանը կարող է այնքան չհետաքրքրել, որքան Ռուսաստանին: Ստացվում է, որդու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ: Դա ակնհայտ է: Եթե դու Թուրքիային համարում ես թշնամի, ինչո՞ւ ես այդպես անում:
Ընդհանրապես, քաղաքականության մեջ պետք է ուժերի բալանս լինի, շատ լավ կլինի, եթե դու դաշնակցություն ունենաս տարբեր երկրների հետ, որոնց մեջ էլի կա հակասություն: Այդ դեպքում դու էլի ազատ կլինես, բայց եթե դու կախված ես լինելու Թուրքիայից, էլ ի՞նչ ազատություն, ի՞նչ սուվերենություն»,-ընդգծեց նա: