Տեղի է ունեցել երեք մեծ փոփոխություն, Հայաստանի առջեւ նոր խնդիրներ են կանգնած. Վազգեն Մանուկյան

0
137

Մենք մինչեւ վերջերս ունեինք Հայաստանի արտաքին հարաբերությունների հստակ ճարտարապետությունը, կային դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ դա մեզ ոչ մի կերպ չէր խանգարում բարեկամական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Իրանի հետ։ Այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է  Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։

Նա հիշեցրել է, որ իննսունականների սկզբին Հայաստանը բանակցություններ էր վարում Թուրքիայի հետ այն մասին, որպեսզի բացի ճանապարհները եւ այլն։ Նրա գնահատմամբ՝ հիմա ամեն բան փոխվել է, փոխվել է ոչ միայն Հայաստանի պատճառով։

Տեղի է ունեցել երեք խոշոր փոփոխություն։

«Մենք անտաղանդորեն տանուլ տվեցինք պատերազմը, սկսվեցին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձեցումը եւ խոշոր դիմակայությունը Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ։ Դա մեր առջեւ նոր խնդիրներ է դնում։ Որպեսզի խոսենք դաշնակիցների հետ, պետք է հստակ դրված խնդիրներ ունենանք»,- նշել է նա։

Նրա կարծիքով՝ Հայաստանի առջեւ դրված են հետեւյալ խնդիրները՝ Արցախի հարցը, անվտանգության հարցը, հիմնականում անվտանգությունը պետք է ապահովվի սեփական ուժերով, այսինքն՝ սա մեր բանակի վերականգնման հարցն է։

«Ես կարծում եմ, որ հիմա խաղաղության պայմանագիր ստորագրել ատրճանակի փողի ներքո՝ պարզապես իմաստ չունի։ Բացի այդ, կա տարածքների հարցը։ Անկլավների հարցն առհասարակ դիտարկելը հիմարություն է, քանի որ խորհրդային ժամանակ մտածվել էին այդպիսի մեխանիզմներ, որպեսզի մեկ ազգին պահեն մյուսի դեմ։ Կա նաեւ Սյունիքի հարցը, միջանցքի հարցը։ Ես ոչ միայն դեմ եմ միջանցքին, այլեւ դեմ եմ Նախիջեւանից Ադրբեջան Հայաստանով ճանապարհի բացմանը։ Հայաստանը լրիվ շրջափակման մեջ է, եւ բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, ընդ որում՝ յուրաքանչյուր ճանապարհ պետք է լինի այն պետության ինքնիշխան ճանապարհը, որով անցնում է։ Եթե մենք ունենանք խնդրի հստակ առաջադրումը, թե ինչ ենք ուզում, այդ դեպքում կարելի է նաեւ հասկանալ, թե ինչով կարող են մեզ օգնել մեր ռուս բարեկամները, եւ որն է դիրքորոշումների միջեւ տարբերությունը»,- ընդգծել է Մանուկյանը։