Ղարաբաղյան շարժում: Նորագույն, բայց մոռացված պատմություն: Այս գնահատականը տալիս է շարժման ակունքներում կանգնած և այն գլխավորած գործիչներից մեկը` Վազգեն Մանուկյանը: «Անգամ ականատեսները մեծ մասամբ մոռացել են, թե ինչ էր կատարվում, իսկ երիտասարդությունը համարյա ոչինչ չգիտի»,-նկատում է նա:
Այդ չիմացությունն էլ, ըստ նրա, հնարավորություն է տալիս որոշ մարդկանց խաբեբայության միջոցով միավորներ հավաքել ժողովրդի մոտ. «Մեկը վեր է կենում, ասում է՝ անկախություն տվեցի, երկրորդը՝ պատերազմ հաղթեցի, երրորդը` շարժում կազմակերպեցի, չորրորդն էլ ասում է` հողը տվեցի գյուղացուն»:
Իսկ ով որ վերահսկում է անցյալը, վերահսկում է նաև ապագան. հայտնի գրող Ջորջ Որուելի խոսքերն է մեջբերում է Վազգեն Մանուկյանը` կոչ անելով լրագրողներին այդ ժամանակաշրջանի վերաբերյալ հետազոտություններ անցկացնել, պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որպեսզի կարողանան ճիշտ գնահատական տալ, կեղծիքն ու իրականությունը տարբերել:
Ինչ վերաբերում է շարժման կարևորությանը հայ ժողովրդի պատմության մեջ, ապա աներկբա է, որ այն վճռական էր ու անգնահատելի:
Այնուհետև Մանուկյանը ներկայացնում է շարժման հիմքում ընկած կարևորագույն գաղափարները, առանց որոնց հնարավոր չէր հասնել արդյունքի. «1988 թվին առաջին անգամ արտասանվեց մի նախադասությունը, որը խորթ էր մեր հասարակությանը, մեր 100-200 տարվա քաղաքականությանը,-ասում է նա:-Դա հետևյալն էր` մենք չունենք մշտական բարեկամներ, չունենք մշտական թշնամիներ, այլ ունենք մշտական ազգային շահեր»:
Ըստ Մանուկյանի՝ հասարակության, հատկապես մտավորականության համար այն ժամանակ այդ միտքը քրեածին էր, քանի որ այն ժամանակվա ընկալումն այն էր, որ մենք ունենք մշտական թշնամի թուրքեր և մշտական բարեկամ ռուսներ, և պետք է ատենք թուրքերին ու պայքարենք նրանց դեմ` ենթարկվելով ու հարմարվելով ռուսներին:
Բայց հիշում է, որ երբ առաջին անգամ այդ միտքն արտասանեց հանրահավաքի ամբիոնից, որքն էլ զարմանալի էր` հազարավոր մարդկանց կողմից միանգամից ընկալվեց ու ընդունվեց:
Այդ գաղափարը, սակայն, բերում է նրան, որ Ղարաբաղ կոմիտեի և մտավորականության միջև առաջանա առաջին ճեղքը, որը, ինչպես Մանուկյանն է նկատում, մեծ ազդեցություն է ունենում ապագայի ճեղքերի բացման վրա:
«Շարժման երկրորդ կարևոր միտքն այն էր, որ հայ ժողովուրդը պետք է հույսը դնի միմիայն իր վրա: Մենք հրաժարվեցինք այն քաղաքականությունից, որ պետք է գնանք և խնդրենք, որ մեզ օգնեն ու պաշտպանեն»,-ասում է նա:
Պրագմատիկ քայլ էր նաև այն, որ ազգային հարցերը պետք է տեղադրվեին համաշխարհային գործընթացների մեջ:
Ի՞նչ ազդեցություն ունեցավ շարժումը համաշխարհային և Խորհրդային միության պատմության վրա:
Համեմատականներ տանելով Չինաստանի հետ, որտեղ իշխանությունները ճնշեցին դեմոկրատական շարժումը, և Պեկինի գլխավոր հրապարակում հավաքված երիտասարդ ցուցարարներն անգամ զոհեր տվեցին, Խորհրդային միությունում, որտեղ ժողովրդավարական շարժումը Երևանի հրապարակն էր, տեղի ունեցավ հակառակը, քանի որ Գորբաչովը չգնաց Չինաստանի ճանապարհով: «Դա ազդանշան էր Խորհրդային միության բոլոր ժողովուրդների համար: Եվ ինչպես Պեկինի հրապարակի դեպքերն ազդեցին Չինաստանի և ամբողջ աշխարհի պատմության վրա, այդպես էլ Երևանի օպերայի հրապարակի դեպքերն ազդեցին Խորհրդային միության պատմության վրա»:
Մանուկյանը կարևորում է նաև այն նախադրյակները, որոնք հանգեցրին շարժմանը. «Մինչ Ղարաբաղում սկսվելը, շարժումն արդեն կար Հայաստանում: Դրանում մեծ դեր ուներ այն, որ հայ ժողովուրդը մեծ թռիչք էր կատարել ժողովրդագրական աճի, ինտելեկտուալ զարգացման առումով: Դա ներքին մեծ պոտենցյալ էր կուտակել: Երբ Գորբաչովը բացեց «կաթսան», Հայաստանով մեկ սկսվեցին տարբեր շարժումներ` էկոլոգիական, հետո մեկ ուրիշ: Իսկ երբ Ղարաբաղի հարցը բարձրացավ, բոլոր շարժումները համախմբվեցին դրա շուրջ»:
Շարժումն էմոցիոնալ էր, բայղ ղեկավարվում էր բավականին պրագմատիկ, սառնասիրտ և մտածված քայլերով. «էմոցիաները զուտ շարժիչ ուժ էին»,-ասում է նա:
Ի՞նչ կորցրեցինք և ի՞նչ ստացանք:
«Հսկայական նվաճում էր Անկախությունը, որն անգնահատելի արժեք է,-ասում է Վազգեն Մանուկյանը: Աշխարհում հինգ հազար էթնոս կա, որ ուզում է անկախ պետություն ունենալ, պայքարում է դրա համար, բայց աշխարհում մոտ 200 անկախ պետություն կա»:
Անգնահատելի է նաև Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը: Ինչ վերաբերում է ժողովրդարությանը, որի առաջին քայլերն արդեն արվել են Գորբաչովի օրոք, ապա Մանուկյանը գտնում է, որ մենք այսօր կարող էինք շատ ավելի առաջ գնացած լինել և գտնվել որակական բոլորովին այլ փուլում` օգտվելով այն մեծ, հզոր պոտենցյալից, որ կար այդ շարժման մեջ. «Երբ մետաղը հալեցնում ես, կարող ես ցանկացած կաղապարի մեջ լցնել, բայց երբ սառեց, դժվար է մուրճով խփելով ձևը փոխել: Այն ժամանակ մենք սխալ կաղապարի մեջ մտանք, հիմա մուրճով մեկ այս կողմից ենք խփում, մեկ մյուս: Ճիշտ է, մենք կդառնանք նորմալ պետություն, մեզ մոտ կլինի ժողովրդավարական համակարգ, այդ ամենը լինելու է, բայց կարծում եմ` շատ բաների, որոնց կարող էինք հասնել, գուցե արդեն չկարողանանք հասնել»: