Հայոց միջնաբերդ Քարվաճառի ազատագրման 20-ամյա ոդիսականը

0
55
1992-1993

1993 թմարտի 27-ին  ԼՂՀ  ՊԲ  ստորաբաժանումները երեք ուղղությամբ   սկսեցին Քարվաճառի (Շահումյանի շրջանռազմական հենակետերի   ոչնչացման   օպերացիան:  Օրեր անցապրիլի 1-ին,   հայ ազատամարտիկներն   արդեն ազատագրեցին Քարվաճառ   քաղաքըորի  երկրագիտական   թանգարանում  ցուցադրված հայ  մշակույթի մի շարք արժեքներից   ազատամարտիկներն առանձնացրին  Քարվաճառի ազնիվ  քարից   պատրաստված, «916 թվական»   և   «ՀԿԵ»  դաջվածքներով  մի խաչքարորը երկար ժամանակ   պահվում էր Գանձասարում:   Ապրիլի 5-ին   հայկական զինված ուժերը դաժան մարտերից   հետո դուրս եկան Օմարի   լեռնանցք:   

Ադրբեջանական բանակը մեծ կորուստներով անցավ   Մռավի    լեռնաշղթանթողնելով    շրջանը:   Մեր    ուժերը   Քարվաճառ  մտան միայն այն   ժամանակերբ վերջին բնակիչը    դուրս եկավ քաղաքիցԲայց  հեռացող խաղաղ  բնակչության մեջ,    այնուամենայնիվնշմարվում    էին կնոջ զգեստով փախչող թուրք     ասկյարները:   Թող փախչեն,   գողսիրտը դող...

 Պատմական Վայկունիք` գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքում գտնվող այդ բնակավայրը ժամանակին հայտնի է եղել իր հանքային ջրերով: Այնտեղ կառուցվել է «Բաղնիք արքունականք», որը հետագայում կոչվել է Իսթիսու: Պատմական տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի  գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը հիրավի ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչներն ու հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը:

Փառք ու պատիվ բոլորին: Եթե այդպիսի ռազմավարություն չիրականացվեր, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության գոտին երբեք հուսալի չէր լինի: Չմոռանանք, որ «Խոջալուի սպանդի» թևերով իշխանության եկած Էլչիբեյը Վարդենիսով Սևան հասնելու և լճում ոտքերը թրջելու կայծակնային պլան-օպերացիա էր մտմտում: Եվ ոչ միայն: Քարվաճառի ազատագրմամբ էր, որ անվտանգ դարձան  Լաչինի (Քաշաթաղ) միջանցքը, Մարտակերտի, Գորիսի թիկունքը: Էլ չեմ խոսում պատմական արդարությունը վերականգնելու մասին:   Չգիտեմ, թե ով է ասել, բայց լավ է ասել, որ մեր խաչքարերը, եկեղեցիները Աստծո կնիքն են հային պատկանող հողատարածքներում: Հենց միայն 1-ին դարի ծնունդ Դադիվանքն այդ տարածքի հայկականության  ծննդյան վկայականն ու լուռ վկան է: Այնպես որ Շուշիից ոչ պակաս անհրաժեշտություն էր նաև Քարվաճառի ազատագրումը, և ամեն կասկածից վեր էր, որ մեզանում երբևէ մի հայ մարդ կգտնվի, որը ծանրութեթև կանի այդ  իրողությունը:

Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, նման մի մարդ եղել է, և նա, ոչ ավելի, ոչ պակաս, հանրապետության առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Ինչպես ժամանակը ցույց տվեց` Արցախի թևերով իշխանության եկած մարդու ոչ միայն սրտովը չէր, այլև նա Արցախի իշխանություններին ստիպում է հանձնել այն: Հավաստիացնելու համար փաստեմ 2008 թ. նախագահական ընտրությունների շեմին` փետրվարի 17-ին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պակաս անսպասելի գաղտնազերծումը  հայաստանյան մի շարք հեռուստաընկերությունների եթերով: Թեև շատ բան ասվեց, բայց միայն Քարվաճառին վերաբերող մասն արձանագրեմ:

«…Ամենամեծ հակասությունը, որ լուրջ կոնֆլիկտներ էր առաջացնում, վերաբերում էր ռազմական գործողությունների մարտավարությանն ու ռազմավարությանը: Մենք համոզված էինք, որ Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը բոլորովին այլ էր: Առաջին մեծ կոնֆլիկտը եղավ 1993 թ. հունիսի 12-ին: Գորիսում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: Մեզ պարտադրում էին հանձնել Քարվաճառը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը խոստացել է, և սա է միակ հնարավոր լուծումը…Պնդում էր, որ եթե Քարվաճառը չհանձնենք, Հայաստանը կկործանվի»,-  հայտնեց նախագահ Քոչարյանը:

Քարվաճառը չհանձնվեց, իսկ եթե Հայաստանն էլ ինչ-որ բան կորցրեց, ապա  մինչև Քարվաճառը, երբ 1992 թ. օգոստոսի 8-ին հանձնվեց Արծվաշենը: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք ու խոստովանենք, որ եթե հայաստանյան իշխանությունները  պատվախնդրություն ունենային, ապա Քարվաճառի ազատագրումից հետո, երբ  արդեն կոտրվել էր թշնամու ողնաշարը, կազատագրվեր նաև  Արծվաշենը, եթե ցանկություն լիներ:

Այդ կարծիքին էր նաև Վազգեն Մանուկյանը, որի հետ հանդիպեցի տարիներ առաջ` Արծվաշենի անկման 15-ամյակի առիթով: «Արծվաշենը պահելու համար հարկավոր էր առաջ գնալ, վերցնել Ադրբեջանի մի հատվածը` լեռնաշղթան, որպեսզի ապահովեինք արծվաշենցիների խաղաղությունը:

… Սարսափելին այն էր, որ մինչև վերջին պահը ժողովրդին ասվեց, որ մենք ձեզ պաշտպանելու ենք: Տեղաբնակների համար Արծվաշենի հանձնումը անսպասելի էր: Մինչդեռ ազնվորեն պետք է ասվեր. կա՛մ մենք առաջ ենք գնում, կա՛մ մեր ուժերից վեր է Արծվաշենը պահելը… Երբ ես ՀՀ պաշտպանության նախարար էի, Քարվաճառը վերցրեցինք, ու մեր բանակն արդեն առաջ` դեպի Աղդամ էր շարժվում, և ադրբեջանական բանակի ողնաշարն արդեն կոտրվել էր, այդ ժամանակ շատ խնդիրներ, այդ թվում նաև Արծվաշենը վերցնելու հարցը կարող էինք լուծել և քննարկում էինք այդ օպերացիան, բայց խոսքը միայն Արծվաշենի մասին չէր, այլ ավելի առաջ գնալու…»,- պարզաբանում է Վազգեն Մանուկյանը:

Ավելի առաջ գնալ նշանակում էր վերցնել Ադրբեջանին պատկանող լեռնաշղթան, ինչն էն գլխից, բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանի սրտովը չէր, գուցե նաև շահեկան էլ չէր, երբ փոխարենն արդեն քոսոտ Քյարքին ունեինք` մոռանալով, որ  հայրենիքի մի հատվածը մյուսով  չեն փոխանակում…

Հայրենի իշխանությունների այդ չար խաղը ոչ միայն հայրենիքի մի հատվածի կորուստի պատճառ դարձավ, այլև  բազմաթիվ կյանքերի: Նրանցից 12-ը Կիրովականի 016 մոտոհրաձգային, դեսանտային վաշտի փոխհրամանատարն ու իր զինվորներն էին: Շատերի 20 տարին դեռ չէր բոլորել, իսկ այդ տարիքում մահվան մասին գրեթե չեն մտածում, այլ ապրում են երազներով:

Ինչևէ, որպես գոյամարտի 24-ամյա տարեգրության վկա փաստեմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման տարաբնույթ քննարկումներից, բանակցություններից հետո  հեղափոխական հովերով կրկին իշխանության ձգտող Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը միշտ փորձում է  «շեֆի արշինով» չափել խնդրի կարգավորումը, մերթընդմերթ շահարկում այս կամ այն տարածքի հանձման հնարավոր տարբերակը: Իսկ հիմա ընդիմությունն «իր հաշվին» արձակուրդ է վերցրել ու սպասում է իր աստեղային ժամին` ընտրությունների ճանապարհով կրկին իշխանության վերադառնալուն և գուցե իր վաղեմի խոստումը կատարելուն: Նման նկրտումներով իշխանության ձգտող ուժի առաջնորդի ջրաղացին ջուր լցնելով` հիշեցնեմ, որ  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տարիներ առաջ շահումյանցիներին հորդորեց  առաջնորդվել ոչ թե տարածքների վերաբերյալ մերթընդմերթ շրջանառվող ասեկոսեներով, այլ պետության կողմից իրականացվող ծրագրերով: «Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել` ոչ մի իրադարձություն և զարգացում չի կարող ազդեցություն ունենալ Շահումյանի շրջանի ճակատագրի հետ կապված: Եթե անգամ ունենա, այդ ազդեցությունը լինելու է միայն դրական: Մենք այն որակում ենք որպես ռազմավարական նշանակության շրջան մեր երկրի համար, և մեր վերաբերմունքը լինելու է համարժեք»,- 2008-ի հոկտեմբերի 10-ին շահումյանցիներին  հավաստիացրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

3,5 հազար բնակիչ և հազար ու մի խնդիր  ունեցող Նոր Շահումյան վարչական շրջանն այսօր մի շարք ծրագրեր է իրականացնում: Գյուղական բնակավայրերի վերաբնակեցման ցուցանիշը 20-ի է հասել: Գյուղատնտեսություն, մեղվաբուծություն, անասնապահություն: Ահա այն հրապուրիչ պայմանները, որոնց համար էլ մարդիկ բնակություն են հաստատել երբեմնի այս դրախտավայրում: Դեռևս 2010 թ. ավարտվել է շրջանի Դադիվանք, Սալմաստ, Չարեքտար համայնքների բնակարանների պետական գրավման գործընթացը:  Սեփականության 400 վկայական էլ շուտով կհանձնվի հատկապես այն բնակիչներին, որոնք արդեն 10 տարի է, ինչ պահում ու շենացնում են հող հայրենին: Խրախուսելի գործընթաց, որը ոչ միայն բազմաթիվ հնարավորություններ  կընձեռի նոր շահումյանցուն, այլև նրանց սիրտն իրենց սեփական հող ու ջրի վրա առավել կտաքացնի:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ