– Պարոն Մանուկյան, տարին բուռն էր քաղաքացիական–հասարակական ակտիվ շարժումներով, նախաձեռնություններով: Այդ տեսանկյունից ինչպե՞ս եք այն գնահատում:
– Ընդհանրապես, Հայաստանում նոր պայմաններ են ստեղծվել, և դա երկկողմանի է. եթե իշխանությունը հայտարարեր, որ «իր դեմ խաղ չկա», այդ դեպքում քաղաքացիական հասարակությունն այսքան չէր զարգանա: Այսինքն` մի կողմից իշխանությունն է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում, մյուս կողմից էլ առաջացել է մի նոր երիտասարդություն, որը բավականին ակտիվ է և կարողանում է իր հետևից տանել նաև մեծահասակներին, երբ ճիշտ հարցեր է բարձրացնում և իր առջև դնում: Բացի այդ, հասարակության տարբեր շերտերի մեջ զգացվում է գիտակցության փոփոխություն, փորձառություն և հասունացում:
– Ի՞նչ ցանկություններ և ի՞նչ մաղթանքներ ունեք՝ ուղղված հասարակությանը և իշխանություններին:
– Քաղաքացիական հասարակության զարգացումը նախորդ տարիների համեմատ ակնհայտ է, ինչը գնահատելի է, և եթե իմ ցանկությունների մասին խոսեմ, ապա կուզենամ, որ դա անշեղորեն շարունակվի: Իսկ այն երիտասարդներին, որոնք տարբեր հարցերում առաջնորդում են այդ քաղաքացիական շարժումները, մաղթում եմ, որ չունենան, ինչպես Ստալինն էր ասում, «головокружение от успехов» և հասկանան, որ իրենք միակն ու անփոխարինելին չեն, այլ մի մասնիկն են այդ քաղաքացիական հասարակության:
Կցանկանայի նաև, որ իշխանության որոշումները բոլոր հարցերում լինեին ավելի թափանցիկ և ավելի վերահսկելի հասարակության կողմից, իսկ դատարանները լինեին ավելի անկախ ոչ միայն իշխանություններից, այլև փողից, ինչը շատ կարևոր է: Եթե այդ ամենը լինի, կխթանի նաև տնտեսության զարգացումը, առանց որի խոսել անվտանգության, ինքնիշխանության, զարգացման մասին ուղղակի անիմաստ է:
Իսկ մեր ժողովրդին կցանկանայի, որ ամեն մի դատարկ բանից խուճապի չմատնվի, չթողնի երկրից գնա, հավատա այս երկրի ապագային, եթե նույնիսկ այս իշխանություններին չի սիրում, որովհետև կարծում եմ` նախորդներին էլ չի սիրել և ապագա իշխանություններին էլ չի սիրելու: Իշխանությունները ոչ թե սիրելու համար են, այլ աշխատեցնելու: Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում: Հիշենք Ֆրանսիայի օրինակը:
Այնպես որ, հույսը դրեք ձեր և երկրի ապագայի վրա անկախ նրանից, թե այս պահին ովքեր են իշխանության ղեկին: Եվ ամենակարևորը՝ սիրեք ձեր երկիրը, որովհետև դժվարությունները հաղթահարվում են սիրելու շնորհիվ:
Անի Գասպարյան