-Պարոն Մանուկյան, օրերս պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ազգային կոմիտեի կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, և եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցություն հայտնեն այդ գաղափարին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, և գաղափարը չի իրագործվել։ Արման Թաթոյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից հերքեցին այդ հայտարարությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։
-Հավանաբար իրար են խառնվել հետևյալ երեք ինֆորմացիաները․
Առաջին․ կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրավելը, և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։
Երկրորդ․ կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել։
Ընդ որում ես միշտ պնդել եմ, որ հիմա ժամանակը չէ դա քննարկելու, պետք է նախևառաջ կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում, և երբ մոտենանք այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենանք բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու։
Երրորդ. կոմիտեի որոշ անդամների կարծիքով՝ նպատակահարմար և օգտակար կլիներ, եթե վեհափառն ու երեք նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ՝ կապված շարժման և այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու Արցախում (բայց ոչ իհարկե վարչապետի թեկնածուի վերաբերյալ), սակայն տեխնիկական պատճառներով այդ գաղափարի իրագործումը հետաձգվեց։
-Իսկ ի՞նչ իրավիճակում են կոմիտեի աշխատաքները, կոմիտեն գործո՞ւմ է։
-Իմ կարծիքով՝ կոմիտեի ամենամեծ թերությունն այն էր, որ չկարողացավ իր մեջ ներգրավել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչներ և չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը։
Այդ հարցերը քննարկելու համար հոկտեմբեր ամսին քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների մոտ 60 ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ փակ հանդիպում։ Եթե ամփոփենք այդ հանդիպման ժամանակ հնչած բոլոր կարծիքները, ապա գլխավոր եզրակացությունը հետևյալն էր․
1․ պետք է կազմակերպվի խորհուրդ, որում ներկայացված կլինեն հասարակական-քաղաքական հնարավորինս լայն շերտեր։
2․ Այդ խորհուրդը պետք է ունենա քաղաքական պլատֆորմ, թե ինչպես է պատկերացնում ներկա վիճակից դուրս գալու ելքերը և ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, որի հիման վրա կձևակերպի և կհրապարակի հռչակագիր։
3․ Գործող կոմիտեն իր լիազորութունները պետք է վայր դնի, և խորհուրդը քվեարկության միջոցով պետք է ձևավորի նոր գործադիր մարմին-կոմիտե։ Եվ այդ նոր կոմիտեն, ունենալով արդեն լայն ներգրավվածություն, լեգիտիմ կլինի ընդդիմադիր դաշտում և վստահություն կվայելի ժողովրդի կողմից։ Այս ամենից հետո խորհուրդը, կոմիտեի հետ միասին, կհռչակի շարժման սկիզբ, և կսկսեն ձևավորվել կառույցներ տարբեր բնակավայրերում ու հիմնարկություններում։
Խորհուրդը նաև պետք է ապահովի ցանցային համագործակցութուն արդեն գոյություն ունեցող և նոր ձևավորվող երիտասարդական տարբեր կազմակերպությունների հետ։
Այժմ կոմիտեն այդ եզրակացությունների հիման վրա փորձում է իրականացնել այդ ծրագիրը։
Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր նպատակների համար օգտագործում է հսկայական պետական մեքենան, և մեքենայի դեմ միայն պոռթկումներով ու էմոցիաներով հնարավոր չէ պայքարել։ Մեքենայի դեմ պետք է լինի մեքենա՝ լավ կազմակերպված, հզոր մեքենա։
Եթե դա չլինի, ապա ցանկացած պոռթկում դատապարտված է ձախողման։