Տեր եմ այդ խոսքին, ինձ պետք չի բացատրել դատարանում, թե ես ինչ եմ նկատի ունեցել. Վազգեն Մանուկյան

0
68

Պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա, դրանից հետո կառաջանան բազմաթիվ ճանապարհներ, այդ ճանապարհների մեջ արդեն քաղաքական վեճեր կլինեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ քիչ առաջ մեկնարկել է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է  իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ։

Հարցին՝ արդյոք ինքը ապստամբության կոչ արե՞լ է, Մանուկյանը պատասխանեց. «Ես այդ հարցին դատարանում էլ չեմ պատասխանելու , իմ ցանկացած խոսքը, որն ասել եմ, տեր եմ այդ խոսքին, բայց ինձ պետք չի բացատրել դատարանում, թե ես ինչ եմ նկատի ունեցել»։

Նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում  Նիկոլ Փաշինյանի ձեռքի մուրճը համեմատեց Վազգեն Մանուկյանի կողմից արված այդ հայտարարությունների հետ.

«Պարոն Մանուկյանն իր հայտարարություններն անելուց իր ձեռքին ունենար մուրճ եւ մուրճը ձեռքին նման հայտարարություններ աներ, բայց խոսքի ամբողջ կոնտեքստում նաեւ նշեր, որ այդ մուրճը Հայաստանի Հանրապետության անվտանգության վերականգնման, կապիտուլյացիոն փաստաթղթից հրաժարվելու մուրճի սիմվոլն է, այդ մուրճը, օրինակ՝ պետք է բոլորի գլխին ջարդվի, ովքեր առնչություն ունեն կապիտուլյացիոն փաստաթղթի հետ։ Կարող եք տեսնել Սահմանադրական դատարանում դատախազության արձագանքը, համոզված եմ՝ այդ նույն տրամաբանությունն իրենք կիրառելու են Վազգենի Մանուկյանի վերաբերյալ գործին, որովհետեւ իրենք Սահմանադրական դատարանում ասում էին՝ եթե անձը քաղաքական գործիչ է, իր հայտարարություններում պետք է ունենա չափազանց մեծ ճկունություն, ընդհուպ մինչեւ գլուխներին ջարդելը, դա գլուխներին ջարդելը չէ»։