Ազգային ժողովրդավարական միությունը ստեղծվել է 1991 թ. (որպես կազմակերպություն պաշտոնապես գրանցվել է 1992 թ.):
Իշխանության գալուց հետո Հայոց համազգային շարժման ղեկավարության մի մասն սկսեց առաջնորդվել` «ազգայինը կեղծ կատեգորիա է», «մենք սովորական ազգ ենք» սկզբունքներով` փորձելով արդարացնել իր վարած հակաժողովրդական քաղաքականությունը, խաթարելով նոր-նոր հաստատվող ժողովրդավարական ավանդույթները: Ազգային, ժողովրդավարական, ազատական գաղափարներ դավանող կուսակցության գոյությունը դարձավ օբյեկտիվ անհրաժեշտություն:
Շարժման մասնակիցների մի մասը, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ինքնակամ հեռացավ ՀՀՇ-ից և կազմեց ԱԺՄ կորիզը:
1991 թ. օգոստոսին ԱԺՄ-ի շարժման սկիզբը նշանավորվեց մեծ համաժողովով: ԱԺՄ հիմնադիրները համոզված էին, որ աշխարհում ընթացող օբյեկտիվ գործընթացների շնորհիվ աննախադեպ պայմաններ են ստեղծվել Հայաստանի՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ազատ զարգացման ու բարգավաճման, կենսունակ տնտեսական, մարդու իրավունքներն ապահովող արդար սոցիալական և արժանապատիվ ազգային քաղաքականություն ապահովելու, ներքին առողջ բարոյական մթնոլորտ և հասարակական կարգ ու կանոն հաստատելու համար:
ԱԺՄ-ն իր առջև խնդիր էր դնում վերականգնել կորցրած պետականությունը, ստեղծել համազգային կառույցների միասնական համակարգ, ազգերի մրցակցության մեջ առաջավոր դիրքեր գրավել, յուրացնել մարդկության քաղաքակրթության արժեքները և իր հերթին հարստացնել դրանք նոր գաղափարներով ու նոր արժեքներով, միջազգային քաղաքական թատերաբեմ վերադառնալ:
1992 թ. Գերագույն խորհրդում կազմավորվեց «Ազգային ժողովրդավարներ» խմբակցությունը:
ԱԺՄ ներկայացուցիչներն իրենց զբաղեցրած պետական պաշտոններում, Գերագույն խորհրդում վճռականորեն պայքարել են մեր ժողովրդին հուզող հարցերին լուծում տալու համար, իրենց ավանդն ունեն Հայաստանի պետականության կառուցման գործում, Արցախի համար ամենավճռորոշ պահերին սատար են կանգնել հայ ժողովրդի այդ հատվածի պայքարին: Այդ տարիներին ԱԺՄ խմբակցության անդամների կողմից էին Գերագույն խորհրդում բարձրացվում կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր:
1992 թ. ռազմաճակատում պարտություններ սկսվեցին: Հայաստանում օրեցօր խորացող ճգնաժամը ԱԺՄ-ին դրդեց ազգային համաձայնության դաշինք նախաձեռնել, որում ընդգրկվեցին առաջատար քաղաքական կուսակցությունները (ՀՅԴ, ՍԻՄ, Հանրապետական կուսակցություն, ՔԴՄ, ԱԻՄ): 1992 թ. ամռանը դաշինքի նախաձեռնությամբ տեղի ունեցան մի շարք հզոր ցույցեր, որոնց ճնշմամբ հաճախ երկրի քաղաքական ղեկավարությունը ստիպված էր զիջումների գնալ:
Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մնաուկյանին պետնախարարի պաշտոն առաջարկեց, որը համակարգում էր պաշտպանությունը և ռազմարդյունաբերական համալիրը: Վազգեն Մանուկյանը համաձայնեց` նախապես խորհրդակցելով դաշինքի մյուս անդամների հետ: ԱԺՄ ղեկավարությունը ստանձնեց Շավարշ Քոչարյանը, այնուհետև համագումարում ԱԺՄ նախագահ ընտրվեց Դավիթ Վարդանյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Վազգեն Մանուկյանը վերադարձավ կուսակցության շարքերը և 1994 թվականից ԱԺՄ նախագահն է:
Լայն զանգվածների շրջանում ԱԺՄ-ի ձեռք բերած բարձր վարկանիշ շնորհիվ նրա շարքերը համալրել ցանկացողների և համակիրների թիվը կտրուկ աճեց, և կուսակցությունը սկսեց ընդլայնել կազմակերպական կառույցները` դառնալով զանգվածային քաղաքական ուժ: Կարճ ժամանակում նախաձեռնող խմբեր, կուսակցական կազմակերպություններ ստեղծվեցին Երևան քաղաքի բոլոր համայնքներում, Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում և մի շարք գյուղական շրջաններում: 1992-ից ԱԺՄ-ի կենտրոնական գրասենյակում գործում է իրավապաշտպանների խումբը, որի օժանդակությունից օգտվել են հարյուրավոր մարդիկ:
1995 թ. խորհրդարանական ընտրություններում ԱԺՄ-ն արդեն ընդդիմադիր ամենահզոր քաղաքական ուժն էր: Դրանով էին պայմանավորված իշխանությունների հակազդեցության աննախադեպ ոչ քաղաքակիրթ դրսևորումները:
Այդ ընտրություններին ԱԺՄ-ն մասնակցեց համապարփակ հակաճգնաժամային ծրագրով, որի հիմնական կետերը վերաբերում էին պետական կառույցների, սահմանադրական կարգի, բանակի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծման գործում պետական պարտավորությունների հասատատգրմանը, տնտեսական նոր, գործուն ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
ԱԺՄ-ն հատկապես վտանգավոր էր համարում նույն ընտրությունների ընթացքում սահմանադրության նախագծի հանրաքվեի անցակացումը: Նախագիծը ԱԺՄ-ն գնահատում էր որպես ավտորիտար իշխանական համկարգի ամրագրում:
Ժողովրդավարության սկզբունքներից հրաժարված իշխող վարչախմբի պահվածքը կանխորոշեց թե՛ ընտրությունների, թե՛ հանրաքվեի արդյունքները:
Չնայած անօրինականություններին ու կեղծիքներին` իշխանություններին չհաջողվեց կանխել ԱԺՄ-ի մուտքը Ազգային ժողով: ԱԺՄ-ն խորհրդարանում ստեղծեց նույն անունը կրող խմբակցությունը:
Հետևողական, համառ պայքարը տիրող վարչակարգի դեմ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության օր օրի բարձրացնում էր կուսակցության վարկը ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում: Քաղաքական շատ գործիչներ կուսակցությունը համարում էին Հայաստանի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժը, իսկ նրա ղեկավար Վազգեն Մանուկյանին` այլընտրանքային առաջնորդ: ԱԺՄ նախագահը և մյուս առաջատար գործիչները բազմիցս այցելել են տարբեր երկրներ, հանդես են եկել խորհրդարաններում և միջազգային հեղինակավոր համաժողովներում: Հայաստանում գործող երկրների դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մշտապես հաշվի են առել ԱԺՄ-ի տեսակետները թե՛ տարածաշրջանային, թե՛ ներքաղաքական զարգացումների շուրջ:
Ճիշտ գնահատելով պահը՝ ԱԺՄ-ն իր առջև խնդիր դրեց էլ ավելի ընդլայնել կազմակերպության կառույցները և պատրաստվել մասնակցելու 1996 թ. նախագահական ընտրարշավին, միաժամանակ հող նախապատրաստել դաշնակիցների հետ սկզբունքային հարցերում համաձայնություն և համագործակցություն հաստատելու համար:
Ընտրությունների նախօրեին պարզ դարձավ, որ Վ.Մանուկյանի նախընտրական ծրագիրը լայն ընդունելություն է գտել հասարակության մեջ, նրա հնարավորություններն անհամեմատ բարձր են ընդդիմության մյուս թեկնածուների հնարավորություններից: Մյուս կողմից` հասարակության մեջ հասունացել էր իշխանությունների թեկնածուի կողքին այլընտրանք ունենալու գաղափարը: Հինգ կուսակցություններ, պայամանավորվելով հիմնական սկզբունքային հարցերի շուրջ, համաձայնության եկան ընդդիմության միասնական թեկնածու ճանաչել Վ.Մանուկայնին: Այդ պայմանավորվածությունը հիմնված էր պետականության կառուցման մեջ արմատական համակարգային փոփոխություններ իրականացնելու հույժ անհրաժեշտության վրա:
ԱԺՄ գրասենյակում ստացվող նախնական տվյալները, որոնք հիմնված էին ընտրությունների արդյունքների վրա, ցույց էին տալիս, որ Վ.Մանուկյանի հաղթանակը կասկածից վեր է: Շփոթահար իշխանությունները միացրեցին կեղծիքների մեքենան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսեցին գրանցել բոլորովին այլ տվյալներ: Ընդդիմության պահանջը` ստուգել հանձնաժողով մտնող արձանագրությունների արդյունքները, մնում էին անպատասխան: Միաժամանակ հասարակության մեջ աճում էր զայրույթը կեղծարարների (իմա` իշխանության) դեմ: Սեպտեմբերի 25-ին այդ զայրույթն արտահայտվեց ԿԸՀ մտնելով, որը գտնվում էր ԱԺ շենքում:
Ծայր առավ բռնությունների ալիքը, նույն գիշերը և հաջորդ օրը ԱԺ-ի նիստերի դահլիճից ձերբակալվեցին պատգանմավորներ, ԿԸՀ և ՄԸՀ անդամներ: Ձերբակալվեցին ԱԺՄ բազմաթիվ գործիչներ, ակտիվիստներ և համակիրներ, փակվեց ԱԺՄ կենտրոնական գրասենյակը: Սկսվեց քաղաքական դատավարությունների շարքը:
Բռնությունները լայն հակազդեցություն գտան միջազգային հանրության քաղաքական շրջանակներում: Հայաստանի վարկը անդառնալի կորուստ կրեց: Սեպտեմբերի 28-ի հայտարարության մեջ Վ.Մանուկյանը, մասնավորապես, նշում էր. «Ներկա անօրինական իշխանությունները չեն կարողանալու ապահովել մեր պետության զարգացումը, տնտեսության վերականգնումը, աճը, սոցիալական հարցերի լուծումը: Նրանք ի վիճակի են միայն վայելել. ուրիշ ոչինչ: Դա երկար չի տևի: Հաղթելու է մեր ժողովուրդը: Անհրաժեշտ են ժամանակ և խաղաղ միջոցների կիրառում: Մեզ քաղաքացիական պատերազմ պետք չէ, որին անընդհատ փորձում են դրդել իշխանությունները` հաշվի չառնելով նույնիսկ Ղարաբաղի հարցը»:
Ընդդիմությունը, հավատարիմ մնալով օրենքի շրջանակներում գործելու իր դավանանքին, ի դեմս Վ.Մանուկյանի, դիմեց սահամանդրական դատարան: Վերջինս, խախտելով բոլոր դատավարական նորմերը, կատարելով քաղաքական պատվեր, հաստատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյուքները, ըստ որոնց՝ Վ.Մանուկյանին վերագրվում էր քվեների 42%-ը: Ըստ էության՝ տեղի ունեցավ պետական հեղաջրջում:
1996 թ. նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանում իշխանությունների գործունեությունը հիմնավորապես ցնցեց ռեժիմի դիրքերը, խորացրեց ժողովրդի և իշխանությունների միջև եղած անջրպետը, ռեժիմը մերժվեց միջազգային ասպարեզում: Նման պայմաններում էլ ավելի էր արտահայտվում իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը Արցախի հարցում: Նրանք բացարձակապես անընդունելի դարձան հասարակության լայն խավերի համար: Զգալով ժողովրդի ուժով դուրս շպրտվելու վտանգը` Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:
1998 թ. նախագահական արտահերթ ընտրություններում նորից որոշիչ դարձավ նախկին համակարգի մնացորդների գործելակերպը, և նախագահի հինգ թեկնածուներ (Կարեն Դեմիրճյան, Սերգեյ Բադալյան, Դավիթ Շահնազարյան, Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան ) մինչ քվեարկության ավարտը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ քվեարկության ընթացքում տեղի ունեցող բռնություններն ու խախտումները հիմք են տալիս կասկածի ենթարկելու քվեարկության արդյունքները: Երկրորդ փուլում ԱԺՄ–ն չէր պաշտպանում թեկնածուներից ոչ մեկին, և ընտրական հանձնաժողովներում ԱԺՄ ներկայացուցիչների օրինապահ գործունեությունը, հանուն արդար ու ազատ ընտրությունների, վեր էր ամնե մի դրվատանքից:
1998 թ. նախագահական արտահերթ ընտրություններից հետո ԱԺՄ կուսակցության բարձր և միջին օղակների որոշ գործիչների մեջ սկսեցին ձևավորվել հուսահատական տրամադրություններ: Նրանք սկսեցին կասկածել, որ օրինական ճանապարհով հնարավոր է իշխանության գալ: Հոգնածության նշաններն արտահայտվում էին իշխանության մաս կազմելու և այդպես պետական շինարարությանը մասնակցելու ցանկություններով: 1999 թ. խորհրդարանական ընտրություններից հետո ավելի խորացան նման տրամադրությունները, դրանք կրողների մի մասը հեռացվեց կուսակցությունից, մի մասն էլ ինքնակամ հեռացավ:
2001 թ. աշնանը տեղի ունեցած ԱԺՄ 13-րդ համագումարը վերահաստատեց ԱԺՄ գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը:
2001-2005 թթ. ընթացքում ԱԺՄ-ն շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ երկրի հասարակական-քաղաքական կյանքին իրական ընդդիմության դիրքերից:
Ամեն անգամ իր արժանապատիվ, սառնարյուն կեցվածքով, ինտելեկտուալ բարձր կարողություններով կարողացել է որոշիչ դերակատարություն ունենալ քաղաքական բուռն իրադարձություններում: Կուսակցության գործելակերպի հիմնավորությունը և սկզբունքայնությունը կազմակերպման նոր միջոցներ գտնելու հնարավորություն են տալիս:
Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համար շահագրգիռ քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, մտավորականները իրենց մտահոգությունները արտահայտելու, ըստ այդմ` իրական պայքար մղելու գործընկեր ընտրեցին ԱԺՄ-ին: Այդ հենքի վրա ստեղծվեց «ԺՏԵՄ» քաղաքացիական միավորումը, որի գլխավոր նպատակը ժողովրդի` հանրաքվե նախաձեռնելու իրավունքի ամրագրումն էր ՀՀ Սահմանադրությունում:
Այսօր ԱԺՄ-ն ՀՀ բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում տեղական կառույցներ ունի: Կուսակցության անդամների թիվը շուրջ 3000 է: Սակայն կուսակցության գլխավոր հենքը տասնյակ հազարների հասնող ակտիվ համակիրներն են, որոնք, ընտրությունից ընտրություն փորձ ձեռք բերելով, հաջողությամբ իրենց ուսերին են տանում ընտրարշավների ողջ ծանրությունը, լինեն նրանք կուսակցության շտաբներում, ընտրական հանձնաժողովներում, վստահված անձինք թե քարոզիչներ: Ձգտելով ինտեգրվել համապատասխան միջազգային առաջադիմական և ժողովրդավարական կառույցնրեում` ԱԺՄ-ն նույն կերպ է պատկերացնում մեր պետության առաջնայնությունները:
ԱԺՄ-ն ժողովրդի երազանքների իրականացման խնդիր է դրել իր առջև, այն է՝ կառուցել պետություն, որի յուրաքանչյուր քաղաքացի ազատ և պաշտպանված լինի, հպարտ իր ազգային ինքնությամբ և պետականությամբ: Հայաստանի քաղաքացին պետք է ապրի բարոյականության, ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, բոլորի համար բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններ ապահովող քաղաքացիական հասարակության մեջ: