Մոնթե Մելքոնյանի երազանքը մեր ժողովուրդը կիրականացնի

0
427

Երբ սկսվեց Մարտակերտի գործողությունը, միաժամանակ հարձակում ձեռնարկվեց
տարբեր ռազմաճակատներում: Գործերը լավագույն վիճակում էին Մոնթեի ղեկավարած ճակատում. նա առաջ էր մղվում: Ու հանկարծ՝ զանգ, զեկուցեցին, որ Մոնթեն զոհվել է…
Միանգամից երկու զգացում համակեց ինձ՝ սուր ցավ և զայրույթ: Մոնթեն իրավունք չուներ իրեն փամփուշտի զոհ դարձնելու, զոհվելու: Իսկ ռազմաճակատը նրա կորստով տուժելու էր:
Եվ տուժեց: Մերոնք այդ օրը նահանջեցին: Այդ մեկ զորավարի մահն այդքան մեծ հետք թողեց իրադարձությունների վրա:
Զայրույթն, իհարկե, միանգամից անցավ, բայց ցավը մնաց, և երևի մինչև կյանքի վերջ ես, իմ ընկերներն ու բարեկամները տանենք այդ ցավը:

Մոնթե Մելքոնյանը քաջ զինվոր էր, չնայած խիզախ զինվորներ շատ ունենք:

Մոնթե Մելքոնյանը գրագետ հրամանատար էր,չնայած գրագետ հրամանատարներ շատ ունենք:

Մոնթե Մելքոնյանը յուրահատուկ, հազվագյուտ մարդ էր, որի նմանն Աստված ամեն սերնդում մի քանիսն է ստեղծում: Ամեն հայի հոգու մեջ ինչ-որ չափով ազգային երազանք, ազգին նվիրվելու ձգտում կա: Նա կարող է ամբողջ կյանքն ապրել, ու այդ երակը չբացվի, ինքը չիմանա դրա գոյության մասին: Բայց սկսում է պատերազմը, նրանք հայտնվում են ռազմաճակատում, հերոսություն են գործում:

Բայց Մոնթեն նրանցից չէր, Մոնթեն ավելին էր: Նա այն ջահն էր, որը լուսավորում ու ի հայտ էր բերում մյուսների թաքնված լույսը: Եվ եթե մի ազգ 2-3 սերունդ զուրկ լինի նման ջահերից, այդ ազգը դատապարտված է մահվան: Մեծ ջահ կորցրեցինք: Ու զարմանալի էր, որ արևմուտքից եկած այդ տղան, որն իր կյանքը վառելով՝ մատուցում էր հայրենիքին, մերվեց մեր շրջապատին: Ասեմ, որ նույնիսկ գյուղացու խորամանկություն էր ձեռք բերել: Քելբաջարի գործողությունից հետո բարդ քաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Մի կողմից՝ զորքը շատ ոգևորված էր, և ուզում էր առաջ գնալ, մյուս կողմից՝ քաղաքական նկատառումները թույլ չէին
տալիս: Միակ ուղղությունը, որով իմաստ ուներ առաջ գնալ, Մարտակերտի ուղղությունն էր:
Մյուսներով իրավունք չունեինք գնալ, դեռ աշխարհը կանգնել, պահանջում էր, որ զորքը հանեինք Քելբաջարից: Իմ ու Մոնթեի վերջին հանդիպումը եղավ դա: Մոնթեն եկավ ինձ մոտ, ասաց՝ պրն. նախարար, մեր տղաներն ուզում են գրավել Ղուբաթլին, ես կտրականապես դեմ եմ, շատ լավ պատկերացնում եմ քաղաքական իրավիճակը: Փաստեր ներկայացրեց, բայց նաև հայտնեց, որ Լաչինի վիճակը պետք է լավացնել: Մի քիչ առաջ կգնանք, կանենք այս գործողությունը, այն գործողությունը, Ղուբաթլին կշրջանցենք, ամեն ինչ քաղաքական տեսակետից նորմալ կլինի: Սենյակումս հավաքված զինվորները միանգամից ծիծաղեցին:

Կա ներքին տրամաբանություն, երբ A քայլն անում ես, B քայլն անում ես, C-ն արդեն կարող ես և ինքդ չանել: C քայլն ինքնաբերաբար Ղուբաթլիի գրավումն էր: Մոնթեն իր խորամանկության միջոցով ուզում էր անցկացնել դա, ինձանից էլ նեղացած գնաց: Իսկ ես գտնում էի, որ այդ պահին քաղաքական հաշվեկշիռը բացառում էր այդ գործողությունը:
… Մեծ կորուստ ունեցանք: Մոնթե Մելքոնյանը միայն զինվոր չէր, հայրենասեր չէր, նա
նաև ջահ էր: Մի մեծ ջահ մարեց: Իհարկե, հիմա փողոցներ ու դպրոցներ անվանենք Մոնթեի անունով, և պետք է անենք դա: Ողջունում եմ պաշտպանության նախարարության որոշումը,այն շատ կարևոր է:

Բայց այնուամենայնիվ նրա հիշատակը պահպանելու գործում
ամենակարևորը Մոնթեի ծրագրերի իրականացումն է: Նրա ծրագրերը չէին սահմանափակվում մի քանի քառակուսի մետր հող կամ մի քանի գյուղ ազատագրելով: Նրա ծրագրերն ավելի հեռուն էին գնում: Ես ասում եմ, այս պատերազմը մենք կավարտենք հաղթանակով:
Հաղթանակով նշանակում է Ղարաբաղ, որն Ադրբեջանի կազմի մեջ չէ: Ես համոզված եմ, որ մենք այդ հաղթանակին հասնելու ենք: Եվ Մոնթեի երազանքը՝ տեսնել աշխարհով մեկ սփռված ազգը մի հզոր պետություն, կատարվելու է: Իսկ այդ հզորությունը նաև անհատների հզորությունն է: Հզոր պետության մեջ մարդն ապրում է ազատ, հպարտ, որ այդ պետության,այդ ժողովրդի մասնիկն է:

Վազգեն Մանուկյանի ելույթը Մոնթե Մելքոնյան հիմնադրամի բացման արարողությանը
Երևան, 1994թ., հուլիսի 28,
Կամերային երաժշտության տուն