2018 թվականի հեղաշրջումից ի վեր հաճախակի են հիշատակվում 90-ական թվականները և ոչ միայն այն պատճառով, որ սոցիալական պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով մարդկանց մեջ այդ տարիներից մնացած ցրտի, մթի ու սովի վախ է առաջացել: Հիմնականում իշխանությունների գործելակերպն ու մտածելակերպն են այն ժամանակների հիշողություններն արթնացնում, և այս հանգամանքն էլ շատերը բացատրում են այն իրողությամբ, որ երկրի ներկայիս առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանի սանն է համարվում:
Այդ տարիների զգացողություններն են արթնանում նաև այն պատճառով, որ անընդմեջ խոսվում է պատերազմի մասին, կարծես այն նույն վիճակն է, ինչ Արցախյան պատերազմի տարիներին, թեպետ ներկան, ադրբեջանական կողմի սադրանքներով ու ներխուժման փորձերով հանդերձ, հնարավոր չէ նույնացնել այն ժամանակների հետ:Բանն այն է, որ որպես պատերազմ են բնորոշվում կորոնավիրուսի համավարակի փորձությունը, ներքին «պատերազմը», որ վարում են իշխանությունները այսպես կոչված նախկինների և հակահեղափոխականների նկատմամբ, ինչպես նաև հիբրիդային պատերազմը, որ դրսևորվում է հատկապես քաղհասարակության, իրավունքի, տեղեկատվության ու կրթության ոլորտներում, և իհարկե իրական պատերազմը:Այս համատեքստում աչքի են զարնում մի քանի թեզեր, որոնք կարծես ածանցվում են մեկը մյուսից և հրապարակ են նետվում իշխանամերձ շրջանակների ջանքերով ակնհայտորեն հասարակությանը խնդիրների բուն բովանդակությունից շեղելու և մշտական մոլորության մեջ պահելու համար: Ուստի հնարավոր չէ չտեսնելու տալ դրանք:
Առաջին՝ մերթընդմերթ տերպետրոսյանական «պատերազմ, թե խաղաղություն» թեզը վերակենդանացնելու փորձեր են արվում:
Երկրորդ՝ այս «պատերազմական» իրավիճակում անընդունելի են համարվում բոլոր ընդդիմադիր դիրքորոշումները:
Երրորդ՝ «պատերազմական» իրավիճակում հրամանատարներին չեն փոխում:
Չորրորդ՝ եթե պարտվում ենք, ապա ժողովրդի անկարգապահության պատճառով, եթե հաղթում ենք, ապա իշխանությունների, որ նույնն է թե երկրի ներկայիս առաջնորդի՝ գլխավոր գերագույն հրամանատարի ղեկավարման ու համակարգման շնորհիվ:
Кому война, а кому – мать родная
Ռուսական այս ասացվածքը կարծես իսկ և իսկ մեր այսօրվա իրավիճակի մասին է, որ նշանակում է՝ քանի դեռ ժողովրդի մի մասը զոհվում է՝ պաշտպանելով իր հայրենի հողն ու տունը, մյուսները ահռելի գումարներ են վաստակում և ընդլայնում իրենց ազդեցության ոլորտները:
Եվ նշված կեղծ թեզերը սկիզբ առան, ի դեպ, «պատերազմ, թե խաղաղություն» պարտվողական գաղափարի հեղինակի՝ վերջին շրջանում իր ներկայությունն ավելի ու ավելի զգացնող Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմական վիճակի թելադրանքով» հայտնի հրապարակումից հետո, որը, իր իսկ բառերն օգտագործենք, չափազանց «անբնական ու վտանգավոր» էր:
Թվում էր, թե նրա հեռանալով մենք մեկընդմիշտ փակել ենք այդ բանավեճը, սակայն ներկայիս վարչապետի «լուծում, որը կբավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին» և «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» անհեթեթ բանաձևերով այն կրկին մեջտեղ եկավ, և քայլ առ քայլ քամուն է տրվում այն ամենը, ինչ ձեռք է բերվել բանակցությունների ասպարեզում անցած քսան տարիների ընթացքում: Չափից ավելի ակներև է՝ ներկայիս առաջնորդն իր մարտնչող տգիտությամբ առաջ է տանում Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղղությունը, սակայն այդ գոհունակությունը խաթարվում է, երբ դիմադրության թեկուզ թույլ նշաններ են երևում: Այն, որ երկու տարի շարունակ երկրի վարչապետն ու նրա՝ քաղաքական ֆիգուր դառնալու նկրտումներ ունեցող տիկինը խաղաղություն էին աղերսում հակառակորդ երկրից, գաղտնիք չէ, բայց բանը հասավ նրան, որ երբ թշնամին հրետակոծում էր արդեն մեր սահմաններն ու խաղաղ բնաչությանը, տիկինը դարձյալ ծնրադիր խաղաղություն էր մուրում թշնամուց: Հետաքրքիր է՝ համաշխարհային պատմության մեջ գոյություն ունի՞ նման երկրորդ փաստ:
Տեր-Պետրոսյանը, ելնելով պատերազմական դրությունից, խոսում է իշխանությունների «սխալների» մասին, որոնց պատճառով չի կարելի չտեսնել նրանց տքնաջան աշխատանքը, «երկրորդ ճակատ» բացել և թշնամություն ու ատելություն սերմանել նրանց նկատմամբ: Իհարկե, թշնամություն ու ատելություն սերմանելը միայն և միայն իր ու իր հոգեզավակի մենաշնորհն են: Երկրի ներքին կյանքում խաղաղության կոչ անող նախկին առաջնորդը նույնիսկ այս պարագայում չի զլանում երկրում վարվող քաղաքականությունը քննադատողներին անվանել «չգնահատված հանճարներ», «սադրիչներ ու չարակամներ», «հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներ» ու «հարյուրավոր ֆեյքեր»: Երկրի նախկին ղեկավարին մտահոգում են ընդդիմության ելույթները, բայց ոչ այն հանգամանքը, որ կառավարությունն ու նրա կցորդ խորհրդարանը, օգտվելով իրենց հայտարարած ու անհարկի երկարաձգվող արտակարգ դրությունից, մեկը մյուսի հետևից երկրի հետագա կենսագործունության համար վտանգավոր որոշումներ ու օրենքներ են ընդունում, որոնց ծանր հետևանքները վերացնելը շատ դժվար է լինելու հաջորդ իշխանությունների համար:
Տվյալ հրապարակման մասին շատ-շատ է գրվել, ուստի Տեր-Պետրոսյանին, որ իր հոգեզավակից տարբերվում է կրթական մակարդակով, մի բան միայն հիշեցնենք. իշխանության սխալները պատերազմական դրության պայմաններում ճակատագրական են դառնում և մարդկային կյանք են արժենում, հետևաբար ենթակա չեն ներման: Այդ սխալներն արդեն 1000 մարդու կյանք են խլել և դեռ շարունակում են խլել: Սա է պարզ ճշմարտությունը, որից չես փախչի, և այսօր թե վաղը, միևնույն է, պատասխան է տրվելու դրա համար, որքան էլ փորձեն պողոսների ականջները շոյել «պատերազմի ժամանակ հրամանատարներին չեն փոխում» անհեթեթ գաղափարով:
Ինչպիսի՞ն կլիներ Արցախյան պատերազմի ընթացքը, եթե հրամանատարը չփոխվեր և չնշանակվեր ընդդիմության ներկայացուցիչը։
Միևնույն քաղաքականությունը վարող նախկին և ներկա առաջնորդների երկրորդ տարբերությունը, որ տասնապատիկ ողբերգական է դարձնում ներկայիս իրավիճակը, Տեր-Պետրոսյանի ճկունությունն է, որից բացարձակապես զուրկ է մտասևեռմամբ տառապող և ուժային կառույցները որպես մահակ ծառայեցնող Փաշինյանը:
Հիշենք 1992 թ. ամռան և հետագա ամիսները, երբ Արցախում և Հայաստանի սահմաններին իրավիճակն օրհասական էր: Շուշիի և Լաչինի հաղթանակներից հետո ծայր էին առել պարտությունները: Ընկել էին Շահումյանն ու Մարտակերտը, Ստեփանակերտն ու ողջ Արցախը սպառնալիքի տակ էին, Լաչինի միջանցքով երթևեկելը գրեթե անհնարին էր դարձել, զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը: Ազատամարտիկները անձնազոհ կռիվ էին տալիս տեղերում, սակայն իշխանության հանցավոր հապաղման հետևանքով այդպես էլ չէր ձևավորվում երկրի անվտանգության երաշխավորը՝ ազգային բանակը: Եվ այս խիստ ծանր պատերազմական իրավիճակում գոյություն ուներ ուժեղ, միավորված ընդդիմություն՝ Ազգային դաշինքը, որը ոչ հանիրավի մեղադրում էր իշխանությանը ստեղծված իրավիճակի համար:
Եվ ի՞նչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը. փոխեց հրամանատարին՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին ու նշանակեց հենց ընդդիմության, այն էլ ամենոխերիմ ընդդիմության ներկայացուցչին՝ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Սարգսյանը ազնվություն ու քաջություն ունեցավ նույնիսկ հայտարարելու, որ ինքը չկարողացավ, բայց վստահ է, որ Վազգեն Մանուկյանը կարողանալու է: Եվ չսխալվեց:
Շատ կարծիքներ են հնչել, թե այդ քայլով Տեր-Պետրոսյանը շահեկան հաշվարկ կատարեց. պարտության դեպքում փշերը բաժին կհասնեին ընդդիմությանը, իսկ դափնիները հաղթանակի դեպքում՝ իշխանությանը՝ ամրապնդելով այն: Այսօր դա կարևոր չէ, կարևոր է արդյունքը, այն, որ Վազգեն Մանուկյանը, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելով ընդամենը 11 ամիս և ազատվելով հաղթանակների բարձր ալիքի վրա, կարողացավ գործն այնպես կազմակերպել, որ կտրուկ փոխվեր պատերաազմի ընթացքը, կարողացավ հայոց բանակի հիմքերը դնել, ամուր հիմքերը՝ համադրելով ու ճիշտ դերաբաշխելով ազատամարտիկ ջոկատների, զորակոչիկների և Ռուսաստանից հրավիրված հայ պրոֆեսիոնալ սպաների ուժերը, վճռականորեն հաղթանակի խնդիրը դրեց այդ բանակի առջև և համարձակ գործողություններ հղանալու և պրոֆեսիոնալ սպաների մշակած պլանների շնորհիվ հաղթանակների շղթայի սկիզբը դրեց: Ընդ որում, բոլոր կարևոր գործողությունները (Կապանի օպերացիա, Քելբաջարի ազատագրում և այլն) նա իրականացրեց առանց երկրի ղեկավարության համաձայնության, հաղթանակներից հետո նրան փաստի առաջ կանգնեցնելով:
Եվ եթե փորձենք գեթ աննշան ակնարկ գտնել Վազգեն Մանուկյանի խոսքերից առ այն, որ Արցախյան պատերազմը հաղթել ենք նաև իր շնորհիվ, չենք գտնի: Միշտ և ամենուրեք նրա կարծիքը մեկն է եղել՝ պատերազմը հաղթել ենք մեր ժողովրդի ոգու և զինվորների արյան գնով: Բայց և միշտ հետևել է լրացումը. միայն զինվորների անձնազոհության ու քաջության վրա հույս դնելով՝ երկար չես դիմանա, խելամիտ ու բանիմաց հրամանատարներ են պետք, և խաղաղության կհասնես միայն երկիրդ անընդմեջ հզորացնելով, քարը քարի վրա դնելով, բոլոր ուժերին համախմբելով, ոչ թե սեփական ժողովրդիդ պառակտելով ու եղած կառույցները թուլացնելով:
Հիմա ի՞նչ դասեր է տալիս մեզ առաջին նախագահը, նրան պետք է բացատրե՞լ, որ լայնախոհ ղեկավարը միշտ էլ օգուտ է քաղում ընդդիմությունից, որը օգնում է սթափ լինել ու ճիշտ գնահատել իրավիճակը, և միայն ինքնահավան հիմարներն են, որ իրական թշնամուն թողած՝ պատերազմ են հայտարարում իրենց քննադատողների դեմ: Իհարկե ոչ: Ուրեմն ո՞րն է նրա նպատակը, մի՞թե սեփական ուղղությունն առաջ տանելու մոլուցքն ավելի վեր է, քան սեփական երկրի շահը: Շահ կա անկասկած, բայց հարց է ծագում, ո՞ր երկրի: Եվ ինչքա՞ն պիտի հատուցեն մեր երկիրն ու ժողովուրդը այդ մոլուցքի դիմաց:
Անահիտ Հարությունյան
… [Trackback]
[…] Read More on that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]
… [Trackback]
[…] Find More Information here to that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]
… [Trackback]
[…] Find More here on that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]
… [Trackback]
[…] Find More to that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]
… [Trackback]
[…] Read More here on that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]
… [Trackback]
[…] Here you will find 55816 more Info on that Topic: vazgenmanukyan.am/en/պատերազմի-փշերն-ու-դափնիները/ […]