«Թարգմանչաց տոներ». նախաձեռնություն, որը համախմբեց մտավորականությանը

0
56
«Թարգմանչաց տոներ»

Հարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` խորհրդային տարիներին Ցեղասպանության հարցի բարձրաձայնման և «Թարգմանչաց տոներ» նախաձեռնության մասին:

– Պարոն Մանուկյան, 1960-ականներին Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որի ներքո ստեղծվեցին գաղտնի ազգային կազմակերպություններ, սկսեցին  բարձրաձայնվել Հայոց ցեղասպանության հարցը և այլ ազգային հարցեր: Այդ ժամանակ Դուք ակտիվ ուսանող էիք: Ի՞նչ կհիշեք այդ տարիներից և Ձեր գործունեությունից: 

«Թարգմանչաց տոներ»

– 1965 թվականի ապրիլի ապրիլի 24-ին առաջին անգամ նշվեց ցեղասպանության 50-ամյակը` աննախադեպ մեծ ցույցերով: Այդ ժամանակ երիտասարդության մեծ մասը գրեթե պատկերացում չուներ դրա մասին, քանի որ այդ թեման փակ էր, դրա մասին չէին խոսում:

Դրանից հետո եղան ձերբակալություններ, բայց դա հիմք դրեց երիտասարդական մի շարք գաղտնի կազմակերպությունների հիմնադրմանը, որոնք իրենց առջև ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի հարցը լուծելու խնդիր էին դնում` աստիճանաբար բարձրացնելով նաև  անկախության և այլ հարցեր:

Այդ կազմակերպությունների մեջ հավաքված էին բավականին ոգևորված երիտասարդներ, որոնք թռուցիկներ էին տարածում, թերթ էին փորձում հրապարակել, բայց այդ ամենն անարդյունավետ էր, քանի որ նրանց շատ արագ ձերբակալում էին: 1967 թվականին, երբ սովորում էի Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ հայ ուսանողներիս հաջողվեց Թուրքիայի դեսպանատան դարպասների առջև ապրիլի 24-ի կապակցությամբ ցույց կազմակերպել` մեկ քայլով խաբելով ազգային անվտանգությանը: Նշեմ, որ նախորդ երկու տարիների փորձը չէր հաջողվել: Դա պատճառ դարձավ, որ մեզ համալսարանից հեռացնեն:

Այդ ժամանակ էլ առաջ եկավ այն միտքը, որ զուտ գաղտնի կազմակերպություններով գործն առաջ չի գնա, քանի որ շատ արագ ձերբակալվում ես: Ճիշտ է, գաղտնի գործելը  հերոսական է, հետաքրքիր է, բայց անարդյունավետ: Մենք որոշեցիք գնալ այլ ճանապարհով և ստեղծեցինք հայ մշակույթի ակումբ:

Մշակույթի անվան տակ կարելի էր առաջ տանել մեր գաղափարները: Մենք այդ կազմակերպությունը որևէ տեղ իրավաբանորեն չգրանցեցինք: Իսկ երբ վերադարձանք Երևան, ԵՊՀ-ում ստեղծեցինք Հայ մշակույթի ակումբ, որը պաշտոնապես գրանցվեց որպես երիտասարդական կազմակերպություն: Հայտարարություններ տարածեցինք, որ ցանկացողները կարող են դառնալ ակումբի անդամ:

Սակայն 1971 թվականի ապրիլի 24-ին ջահերով երթ տեղի ունեցավ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության հետ, և ակումբը փակվեց:

-1974 թվականին Դուք մի շարք համախոհների հետ  «Թարգմանչաց տոներ» անվան տակ իրականացրիք մի նախաձեռնությունորին մասնակից դարձավ հայաստանյան ողջ մտավորականությունըԻ՞նչ նախաձեռնություն էր դա:

– Տարիներ շարունակ այդ գործընթացների մեջ լինելով` մեծ կապեր էինք ձեռք բերել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Բացի այդ, արդեն մեծացել էինք, ինչ-որ ճանապարհ էինք անցել, և կրկին հին ընկերներով հավաքվելու և մեր հին գործունեությունը շարունակելու միտք առաջացավ: Որոշեցինք ոչ ֆորմալ մի նոր կազմակերպություն հիմնել: Հարց բարձրացվեց, որ մենք Հայաստանում մեծ մտավորականություն ունենք, բայց տարբեր ոլորտներում գտնվելով` մտավորականներն իրար չեն ճանաչում:

Մենք մեր առջև խնդիր դրեցինք, այդ մտավորականներին համախմբելով, ստեղծել մի ազգային ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու, ինչը հետագայում կարող է Հայաստանի համար մեծ նշանակություն ունենալ:

Այդ ժամանակ շատերս դասախոսներ էինք և աշակերտներ ունեինք, որոնց հետ առանձին պարապում էինք: Որոշեցինք յուրաքանչյուրս մեկ աշակերտի գումար ներդնել այդ գործին և հավաքված գումարով կազմակերպել մտավորականների առաջին հավաքը: Ընտրեցինք Մերգելյան ինստիտուտի Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը և մտավորականներին` իրենց ընտանիքներով հանդերձ, հրավիրեցինք առաջին հավաքին: Նախաձեռնությունը հաջողված էր:

Թարգմանչաց տոները դարձան ավանդական, և գրեթե 7-8 տարի շարունակ ամեն հոկտեմբեր ամսին Թարգմանչաց տոները նշելու անվան տակ մենք մտավորականներին հավաքում էինք նույն վայրում և երեք օր անցկացնում թեժ բանավեճերի, քննարկումների, ինչպես նաև հետաքրքիր ու հաճելի ժամանցի մթնոլորտում:

Նրանց մեջ էին, օրինակ, բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Ռազմիկ Դավոյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, ակադեմիկոս Մերգելյանը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, որն իմիջիայլոց շատ լավ ֆոկուսներ էր անում խաղաթղթերով, երգչուհի Լուսինե Զաքարյանն ու նրա ամուսինը` Խորեն Պալյանը, Սոս Սարգսյանը, դերասանուհի Աննա Պետրոսյանը, ասմունքող Վերա Հակոբյանը, երգեհոնահար Ստամբոլցյանը և այլ նշանավոր մարդիկ: Փաստորեն, այդ հավաքներին մասնակցում էին Հայաստանի ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մեծ կշիռ ունեին:

– Ի՞նչ հարցեր էին քննարկվում այդ հանդիպումների ժամանակև որ՞ն էր այդամենի նպատակը:

– Նպատակ չէր դրվում հարցեր բարձրացնել և հենց այդ պահին լուծել: Նպատակը, այդ հարցերը քննարկելով, համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելն էր, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ:

Հավաքի առաջին օրը երեկոյան մեծ ընթրիք էինք  կազմակերպում: Սկզբում անորոշություն էր լինում, քանի որ օրակարգ, որպես էդպիսին, չկար: Բնականաբար, նախ հայրենասիրական կենացներ էին հնչում, հետո սկսվում էին բանավեճերը` սկսած հայկական և ռուսական դպրոցների հարցից մինչև ազգային շատ այլ հարցեր` անկախություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ և այն:

Հիշում եմ` մի անգամ սեղանի շուրջ Սիլվա Կապուտիկյանը մի ճառ ասաց` հօգուտ ռուս ժողովրդի: Մենք, ճիշտ է, դեմ չէինք ռուսներին, բայց քանի որ մեր ակումբը մի քիչ անկախական էր, դա այնքան էլ լավ չընկալվեց: Այդ ժամանակ Խորեն Պալյանը սկսեց երգել «Ձախորդ օրերը»` որպես պատասխան Սիլվա Կապուտիկյանի բաժակաճառին:

Վիճահարույց հարց էր հատկապես դպրոցի հարցը, որը բուռն քննարկման առարկա էր դառնում` հայկական դպրոց, ոչ հայկական դպրոց: Մտավորականներն այդ հարցում տարակարծիք էին, մանավանդ որ կար մտավորականության մի հատված, որ ռուսախոս էր, և նրանց համար զարմանալի էր, թե ինչու պիտի հայրենասիրությունը չափվի դրանով: Սակայն մտավորականության մի զգալի մասն էլ վտանգ էր տեսնում ռուսական դպրոցների մեջ, քանի որ այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, գոնե Երևանում երեխաների մոտ 40 տոկոսը հաճախում էր ռուսական դպրոց:

Քննարկվում էր նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցն ու մեր վերաբերմունքը ռուսների հանդեպ, այսինքն` Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թե այն է, առանց որի մենք ապրել չենք կարող: Մենք կարծում էինք, որ դաշնակից է, բայց չէինք մտածում, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող: Հատկապես, երբ քննարկում էինք ցեղասպանության հետ կապված հարցեր, որոշակի պատասխանատվություն դնում էինք նաև Ռուսաստանի կայսրության վրա, որը հասկանալով, թե ինչ է սպասում հայերին, այնուամենայնիվ իր շահերն առաջ տարավ:

Ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցերն առավել հազվադեպ էին քննարկվում. դրանք բավականին բարդ թեմաներ էին:

Բայց ամենակարևորն այն է, որ այդ հարցերը քննարկվում էին ջերմ, ընկերական մթնոլորտում, երբեմն` երեկոյան մոմի լույսի տակ, կոնյակ խմելով, երբ ինչ-որ մեկն էլ դաշնամուր էր նվագում…

– Ի՞նչ տվեցին այդ հանդիպումներն ու քննարկումները:

– Մենք ճիշտ էինք. մտավորականներն իրար չէին ճանաչում: Կոմպոզիտորներ, գրողներ, մաթեմատիկոսներ, դերասաններ, ֆիզիկոսներ, բոլորը հայտնի, ազդեցիկ  մարդիկ էին, բայց իրար անձամբ ծանոթ չէին, և այդ հավաքները, մանավանդ որ ընտանեկան էին, մարդկանց մտերմացնում էին:

Մենք կամաց-կամաց գալիս էինք նույն մտածողությանը ազգային, մշակութային հարցերի շուրջ:  Իսկ երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան: Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը:

Ձախից` ճարտարապետ Ա. Թարխանյանը, ակադեմիկոսներ Ա. Իոսիֆյանը և Ս. Մերգելյանը

Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը
Անկախ