-Պարոն Մանուկյան, Ձեր նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից հարձակումները դեռ շարունակվում են: Վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ համաձայն օրենքի՝ մինչև եկող տարվա ապրիլի 4-ը Դուք չեք կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա և ի՞նչ եք մտադիր անել՝ հաշվի առնելով այն, որ Դուք ճեպազրույցում հայտարարեցիք, թե խնդիրը տեխնիկական սահմանափակումների մեջ չէ:
– Նախևառաջ հարձակումների մասին. դրանք ինձ շատ չեն հուզում: Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն:
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ: Քանի որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, և Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի:
Եվ կա նաև իմ հրաժարականի երկրորդ տարբերակը. երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ:
Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ապա առաջիկա հինգշաբթի օրը ես հրավիրել եմ Հանրային խորհրդի նիստ, որտեղ 2 հարց է քննարկվելու՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու մեր հետագա անելիքները և հաջորդը՝ Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ: