[Շարժում 1988/25]. Վազգեն Մանուկյան vs. Լեւոն Տեր-Պետրոսյան` «մի արտի ցորենները»

0
69

«Ես ժամանակին հսկայական իշխանություն եմ ունեցել: Անցել եմ դրա միջով, եւ չէի ասի, թե ինձ առաքյալ զգալու սաղմեր չեմ ունեցել»:

1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ «Մոսկովսկիե Նովոստի» շաբաթաթերթի սեփական թղթակիցն էի Երեւանում: Ընտրություններից հետո Մոսկվայից Երեւան եկան իմ բաժնի խմբագիր Միխայիլ Շեւելյովը եւ «Взгляд» հաղորդման նկարահանող խումբը: Միասին հարցազրույց վերցրեցինք Վազգեն Մանուկյանից եւ առանց որեւէ հատուկ հույսի դիմեցինք նաեւ ՀՀ նախագահի խոսնակ Լեւոն Զուրաբյանին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցելու խնդրանքով: Ի զարմանս մեզ, Տեր-Պետրոսյանը, որը շատ հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, համաձայնվեց ու Վազգեն Մանուկյանին հանդիպելուց ժամեր անց գնացինք ՀՀ նախագահի նստավայր:

Այսօր առաջարկում ենք ծանոթանալ այդ հարցազրույցների այն հատվածներին, որոնք վերաբերվում են նախկին զինակիցների հարաբերություններին: Կարծում եմ, հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե Վազգեն Մանուկյանը` չնայած իրենց հակամարտությանը, որի հետեւանքով անկախ Հայաստանի պատմության առաջին անգամ Երեւանի փողոցներ տանկեր էին դուրս եկել, զերծ մնացին անձնական վիրավորանքներից, որոնք, ցավոք, այսօր շատ սովորական են դարձել մեր քաղաքական առօրյայում:

                                                                                                                            Արա Թադեւոսյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մենք մի արտի ցորեն ենք»

«Մոսկովսկիե Նովոստի»

1996թ. հոկտեմբեր

– Վազգեն Մանուկյանն ինձ հավատարմության երդում չի տվել: Ես քաղաքականության մեջ դավաճանություն հասկացությունը չեմ ընդունում: Ըստ իս, Հայաստանում յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել: Բոլոր հեղափոխություններն ունեն իրենց տրամաբանությունը. սկսում են մի քանիսը, իսկ որոշ ժամանակ անց նրանցից քիչ մարդ է մնում: Նույն լեհական «Սոլիդարնոստ»-ը, նույն մերձբալթյան ազգային ճակատները՝ բոլորն անցել են դրա միջով: Կարելի է միայն զարմանալ, որ Հայաստանում դա զգալիորեն ուշ տեղի ունեցավ:

– Կարելի՞ է ասել, որ դուք ընկերներ եք եղել:

– Գործընկերներ, այո: Մենք համախմբվել էինք գաղափարի շուրջ:

– Ո՞րն է Վազգեն Մանուկյանի հետ ձեր տարաձայնությունների առարկան:

– Վազգենը որպես մարդ շատ ազնիվ է: Նա ունի ամուր բարոյական սկզբունքներ ընտանիքում, կենցաղում, ընկերների հետ հարաբերություններում: Նա շատ մաքուր մարդ է, բացարձակ անշահախնդիր: Դա կարող եմ գլխովս երաշխավորել: Իսկ որպես քաղաքական գործիչ նա շատ վտանգավոր մարդ է: Նրա գերազգայնականությունը մոտ է ֆաշիզմին: Այդ մասին ասում եմ 1991թ. նրա ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության կողմից հրապարակված փաստաթղթերի հիման վրա: Նրա գաղափարախոսությունը հիմնված է երեք չափանիշների վրա: Առաջին՝ հայ ժողովուրդն ընտրյալ ազգ է: Երկրորդ՝ հայ ժողովուրդն ունի պատմական առաքելություն: Երրորդ՝ հայ ժողովուրդը պետք է վերակազմավորվի ազգ-կազմակերպության: Վազգեն Մանուկյանը մեր պետության երկրորդ մարդն էր, բայց չէր համակերպվում այդ դերի հետ: Եթե նա մնար մեզ հետ, այսօր ես, միգուցե, հաճույքով նրան զիջեի իմ տեղը: Փոփոխություններն անհրաժեշտ են, անպայման: Հինգ տարին նախագահի համար բավարար ժամանակահատված է: Այնպես որ, այդ դեպքում նա այսօր նախագահ դառնալու ավելի մեծ հնարավորություն կունենար:

– Հնարավո՞ր են արդյո՞ք տարաձայնություններ ձեր եւ ընդդիմության միջեւ Ղարաբաղի հարցում:

– Դուք ոչ մի հայ չեք գտնի, ով բարձրաձայն կոտնձգի Ղարաբաղի ազատության դեմ, բայց կան բազմաթիվ մարդիկ, ովքեր գործնականում մեծ վնաս են հասցնում նաեւ այդ գործին: Վերջին իրադարձությունները, չեմ թաքցնի, վնաս էին Հայաստանի համար, դրանք թուլացրեցին մեր երկիրը: Իսկ թույլ Հայաստան՝ նշանակում է վատ օգնություն Ղարաբաղին: Պառակտումը Կոմիտեի դաշնակիցների միջեւ վերջնական բնույթ է կրում, մենք նույն արտի ցորենն ենք: Մենք բոլորս շատ կայացած մարդիկ ենք: Մի՞թե Լանդսբերգիսը կարող է հավաքել ամբողջ իր ազգային ճակատը: Մի՞թե Գամսախուրդիան կարող էր համախմբել բոլոր իր կողմնակիցներին: Կամ Ելցինն այսօր կարո՞ղ է հավաքել միջտարածաշրջանային խումբ: Նշանակում է՝ կա ինչ-որ օրինաչափություն:

 

– Իշխանությունը բաժանու՞մ է մարդկանց:

– Ոչ, ես չեմ ցանկանում այդպես պարզունակ դարձնել: Կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է ընդունի խաղի ընդհանուր կանոնները, մասնավորապես, օրենքին հետեւելն ու հարգելը: Եթե խաղն ընթանա այդ դաշտում, ես ընդդիմության հետ որեւէ խնդիր չեմ ունենա:

Վազգեն Մանուկյան. «Ոչ կապվածություն, ոչ թշնամանք»

«Մոսկովսկիե Նովոստի»

1996թ. հոկտեմբեր

– Վերջին իրադարձությունների արդյունքում Դուք ընկեր կորցրեցի՞ք՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի:

– Ես կասեի, որ կորցրել եմ գործընկերոջս. մենք միասին աշխատում էինք «Ղարաբաղ» կոմիտեում: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1988 թվականին: Իսկ մեր շարժման մեջ կային մարդիկ, ում ճանաչում էի 20-25 տարի: Մենք միասին եկանք իշխանության, եւ իմ ընկերներին հսկայական հնարավորություն էր ընձեռվել զբաղեցնելու բարձր պաշտոններ, բայց տեսակետների անհամապատասխանությունը հանգեցրեց նրան, որ նրանք հեռացան ինձ հետ միասին՝  հաղթահարելով իշխանության փորձությունը:

– Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Տեր-Պետրոսյանը դարձավ ՀՀ առաջին նախագահը:

– Երբ պետք է կայանային Գերագույն Խորհրդի նախագահի ընտրությունները, «Ղարաբաղ» կոմիտեի մեծամասնությունը կողմ արտահայտվեց, որպեսզի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ վարչապետի պաշտոնը՝ ես: Այդ ժամանակ՝ Խորհրդային Միության փլուզման շրջանում, ողջ ծանրությունն ընկնում էր իմ ուսերին: Հասկանալի է, որ այդ ժամանակ ԱԺ նախագահն ավելի մեծ հնարավորություն ուներ դուր գալու ժողովրդին: Եվ 1991 թվականին՝ մինչ նախագահական ընտրությունները, երբ «Ղարաբաղ» կոմիտեն արդեն փլուզվել էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորություններն ավելի մեծ էին: Եվ չնայած ի սկզբանե ես առաջադրել էի իմ թեկնածությունը, հետո հանեցի այն:

Լեւոն Տոր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանը:

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի:

– Ո՞րն է ձեր տարաձայնությունների պատճառը:

– Այն կախված է մարդկային որակներից: Բացի այդ, հարկավոր է ունենալ իմունիտետ իշխանության նկատմամբ: Երբ հասնում ես իշխանության, փառքի մոլուցքով վարակվելու վտանգ է առաջանում: Իսկ առանց քո հասցեին արված քննադատության կարող ես քեզ առաքյալ զգալ: Իսկ նրանք, ովքեր ունակ են ընկալել քննադատությունը, չեն կարող դավաճանել իրենց երազանքին, եւ նրանց մոտ առկա է ավելի կայուն վերաբերմունք իշխանության նկատմամբ:

– «Ղարաբաղ» կոմիտեի անդամները տասնմեկն էին: Այսօր մնացել են տասը: 1994թ. դեկտեմբերին սպանվեց Համբարձում Գալստյանը: Նրա գերեզմանաքարի վրա գրված է. « Հեղափոխությունը պատրաստում են հանճարները, իրականացնում են ֆանատիկները, իսկ պտուղները վայելում են սրիկաները»: Դուք կիսու՞մ եք այդ կարծիքը: 

– Մեծ հաշվով դա ճշմարիտ է: Բայց եթե խոսենք կոնկրետ անձանց մասին, դա կարող է սխալ լինել:

– Դուք կարծո՞ւմ եք, որ իշխանության փորձությունն ավելի՞ արժանապատվորեն կկրեք, քան Ձեր մրցակիցը:

– Ես ժամանակին հսկայական իշխանություն եմ ունեցել: Անցել եմ դրա միջով, եւ չէի ասի, թե ինձ առաքյալ զգալու սաղմեր չեմ ունեցել: Ես եղել եմ ամենավերեւում, եղել եմ ներքեւում, օրորվել եմ այդ ճոճանակի վրա եւ հանգիստ եմ վերաբերվում բարձր աթոռներին:

– Կկարողանա՞ք երբեւէ կրկին ընկերաբար շփվել Ձեր մրցակցի հետ:

– Կարծում եմ, որ այն, ինչ անում են ներկայիս իշխանությունները, վատ է Հայաստանի համար: Ես այսօր չունեմ այն ներքին կապվածությունը, որը կար նախկինում, սակայն թշնամանք եւս չկա:

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ: