Ազգային, ժողովրդական, փորձառու առաջնորդ. Վազգեն Մանուկյան

0
235

Ներկա աղետյալ վիճակը կասեցնելու և անկման, գահավիժման ընթացքը դադարեցնելու համար պետք են արմատական քայլեր: Առաջինն, իհարկե, փաշինյանական ձախավերների հեռացումն է պետության կառավարման լծակներից, անխուսափելի ու պարտադիր քրեաիրավական հետևանքներով:

Բայց էական է և այն, թե ով կլինի այն գործիչը, ով նման բարդագույն կացության մեջ կստանձնի անցումային կառավարությունը, իսկ ըստ բովանդակության՝ Հայրենիքի փրկության կոմիտեն գլխավորելու ծանր և անշնորհակալ առաքելությունը: Ընդդիմությունը տվեց ազգային, պետական գործիչ Վազգեն Մանուկյանի անունը: Արդարացված և խելամիտ ընտրություն է:

Առավել ևս, որ Վազգեն Մանուկյանը սոսկ քաղաքական կամ պետական գործիչ չէ: Միայն փորձառու և լայնախոհ գործիչ չէ: Դա հասկանալու համար թերևս բավարար է մի քիչ ավելի ուշադիր ծանոթանալ նրա կենսագրականին։

Բայց երբ ոչ միայն ծանոթ ես մարդուն, այլև նրա գործունեության ռեալ արդյունքներն ես տեսել, որպես ժամանակակից, կարող ես և ավելի խորքային, բովանդակային գնահատական տալ:

Վազգեն Մանուկյանը պարզապես «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը չէր 1988-ին: Նա այդ կոմիտեի սակավաթիվ գաղափարական առաջնորդներից մեկն էր: Ու սա էական հանգամանք է: Այդ կոմիտեում առանց այդ էլ մեծ թվով կարողունակ, ինտելեկտուալ ընդգծված որակներով գործիչներ էին հավաքված, ինչն էլ ավելի է ընդգծում Վազգեն Մանուկյանի՝ առաջնորդության մակարդակը:

Միանգամայն բնական էր, որ 1990-ի օգոստոսի 23-ից անկախության մասին հռչակած Հայաստանի առաջին ղեկավարը, որպես վարչապետ եղավ հենց Վազգեն Մանուկյանը (Հայկական ԽՍՀ-ն, ըստ էության խորհրդարանական հանրապետություն էր, ԳԽ նախագահը Տեր-Պետրոսյանն էր, իսկ գործադիր իշխանության ղեկավարը՝ Մանուկյանը):

Հետագայում՝ 1991-ի սեպտեմբերին Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, հեռացավ իշխող կուսակցությունից ու Տեր-Պետրոսյանից՝ հիմնելով  իր քաղաքական կազմակերպությունը՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ): Դա սկզբունքային և գաղափարական տարանջատում էր:

Հիմնականը, վարչապետ լինելու մոտ 1 տարվա ընթացքում Վազգեն Մանուկյանը որոշակիորեն հաջողեց խորհրդայինից ազատ-շուկայականի անցման ապահովման հարցում, մասնավորապես հողի սեփականաշնորհման գործընթացի ապահովման, երկրի տնտեսությունը ցնցումներից հնարավորինս զերծ պահելու հարցերում, որքանով դա առհասարակ հնարավոր էր այդ խառնակ ժամանակաշրջանում և խորհրդային կայսրության փլուզման պայմաններում:

Բայց սեփական ժողովրդին ու պետությանն անուրանալի և, այս ամբողջ ընթացքում ըստ արժանվույն դեռ չգնահատված ու չարժևորված ծառայություն Վազգեն Մանուկյանը մատուցեց 1992-93 թվականներին:

Մի շրջանում, երբ մեր՝ նոր-նոր կազմավորվող բանակը Արցախի ազատամարտում իրարահաջորդ պարտությունների և նահանջի մեջ էր, երբ թվում էր, թե մոտ է ամբողջական պարտությունը, այն ժամանակվա նախագահ Տեր-Պետրոսյանը, տեղի տալով ընդդիմության պահանջներին, առաջարկեց ստանձնել պաշտպանության համար պատասխանատվությունը: Ընդդիմադիր առաջնորդներից հենց Վազգեն Մանուկյանը ստանձնեց այդ առաքելությունը, 92-ի սեպտեմբերին նշանակվելով նախ՝ պետնախարար, ապա՝ հոկտեմբերին պաշտպանության նախարար և ՌԱՀ պատասխանատու: Հարցն այն է, որ այդ իրավիճակում ու պայմաններում շատ ավելի հավանական էր ձախողումն ու հետագա պատասխանատվության քավության նոխազ դառնալը, քան՝ հաջողության հասնելը: Հիշեցնենք, որ միաժամանակ, 92-ի օգոստոսին, նույնքան բարդ վիճակում Արցախում էլ ձևավորվել էր ՊՊԿ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: 

Անուրանալի եղելությունն այն է, որ Վազգեն Մանուկյանը կարողացավ արագորեն համախմբել կարողունակ գործիչների և ուժերի, հմտորեն համադրել նրանց հնարավորություններն ու ջանքերը և ապահովել բեկում ու շրջադարձ՝ կենաց-մահու պատերազմում: Եվ այն շրջադարձային հաղթանակներում, որոնց հաջողվեց հասնել 1992-ի աշնանից սկսած, իսկապես մեծ է Վազգեն Մանուկյանի՝ հենց որպես լայնախոհ ու կարողունակ պետական գործչի ներդրումը: Գումարած՝ պատերազմական պայմաններում Հայոց կանոնավոր բանակի կազմավորման գործում ունեցած ներդրումը, իհարկե:

Հետագայում, 1993-ի օգոստոսի վերջին Վազգեն Մանուկյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից: Մի բան, որ ավելի շուտ տարօրինակ էր:

Ինչևէ: Վազգեն Մանուկյանը, իր գլխավորած ԱԺՄ-ի հետ շարունակեց քաղաքական պայքարը, որպես ընդդիմադիր գործիչ: Չնայած տեր-պետրոսյանական վարչախմբի՝ ամբողջ քաղաքական դաշտը գրավելու ձգտումներին, ԱԺՄ-ն կարողացավ ներկայացված լինել 1995-ի հուլիսի 5-ի ընտրություններով ձևավորված խորհրդարանում՝ փոքրաթիվ, բայց որակյալ խմբակցությամբ:

Դրա հաջորդ տարին՝ 1996-ի սեպտեմբերին, ընդդիմությունը կարողացավ ոչ միայն միավորվել, այլև որպես միասնական թեկնածու առաջադրեց հենց Վազգեն Մանուկյանին: Հարկավ, կային և այլ ընդդիմադիր առաջնորդներ, օրինակ, Պարույր Հայրիկյանը, Վահան Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ արդեն բանտարկված էր: Բայց ընդդիմադիր ուժերը կարողացան մի կողմ դնել ամբիցիաները և ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանին առաջադրեցին: Ու դա ճիշտ որոշում էր:

Շատերը մինչև հիմա էլ համոզված են, որ 1996-ի նախագահական ընտրություններում միանշանակ հաղթել է հենց Վազգեն Մանուկյանը: Այնպես որ,  Տեր-Պետրոսյանին ոչինչ չէր մնացել՝ ուժային բիրտ ճնշումների, բռնությունների, գործնականում՝ հեղաշրջման միջոցով իշխանությունը պահպանելուց և նախագահ ինքնահռչակվելուց բացի: Մի բան, որի հետագա զարգացումներն ընդամենը երկուսուկես տարի անց՝ 1998-ի հունվար-փետրվարին հանգեցրեցին արդեն ներիշխանական կամ «պալատական հեղաշրջման» և նույն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:

Հատկանշական է, որ 1998-ից հետո էլ Վազգեն Մանուկյանը և նրա գլխավորած ԱԺՄ-ն շարունակել են ակտիվ քաղաքական գործունեությունը, ԱԺՄ-ական տարբեր գործիչներ տարբեր ժամանակներում ստանձնել են առանձին ղեկավար պաշտոններ, կուսակցությունը ներկայացված է եղել խորհրդարանում: Չնայած անձամբ Վազգեն Մանուկյանը այդ ժամանակահատվածում որևէ նշանակալի պաշտոն չի վարել, նա մշտապես գաղափարական ու քաղաքական մասնակցություն է ունեցել պետական-հասարակական ներքաղաքական զարգացումներին և գործընթացներին:

Միանգամայն բնական էր, ի դեպ, որ երբ ձևավորվեց Հանրային խորհուրդը, այդ կառույցի նախագահ ընտրվեց հենց Վազգեն Մանուկյանը, ով այն ղեկավարեց շուրջ 10 տարի՝ 2009-ից մինչև 2019-ը, ըստ էության՝ կարողանալով համադրել ամենատարբեր գաղափարական և քաղաքական կողմնորոշումներ, հայացքներ ունեցող շրջանակների ու փորձագետների ջանքերը և մոտեցումները:

Տրամաբանական կլիներ, իհարկե, եթե 2018-ին ՀՀ նախագահ ընտրվեր հենց Վազգեն Մանուկյանը: Ու մեծ հարց է, թե ինչպիսի ընթացք կունենային պետության խարխլման այս երկուսուկես տարիները, եթե պետության գլուխը Վազգեն Մանուկյանի պես ազգային ու պետական գործիչ լիներ:

Բայց ըստ երևույթին ճակատագիրն ու պատմությունը նրա համար մեկ այլ առաքելություն են նախատեսել: Այս ճակատագրական և աղետալի պահին պատասխանատվություն ստանձնելը:

Այո, Վազգեն Մանուկյանը նախընտրելի թեկնածու է: Գործիչ, որ կարող է և ունակ է արժանապատվորեն ազգ և պետություն ներկայացնել, որ կարող է աշխատել ու համագործակցել հնարավորինս լայն շրջանակների ներկայացուցիչների հետ:
Բայց կարևոր է գիտակցել, որ Վազգեն Մանուկյանը փրկիչ չէ, հրաշագործ չէ: Նա իրապես ազգային, իրապես պետական և իսկապես գաղափարական և միավորող գործիչ է, բայց ներկա իրավիճակում և պայմաններում հաջողության կարող է հասնել միայն բոլոր ազգային և կարողունակ ուժերի ջանքերի ու ռեսուրսների համախմբման և համակողմանի աջակցության դեպքում:

Արմեն Հակոբյան  
yerevantoday.am